Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակության ծախսերի  դրամական աջակցության ծրագիրը գործնականում արդեն մշակված է. Տիգրան Խաչատրյան

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակության ծախսերի  դրամական աջակցության ծրագիրը գործնականում արդեն մշակված է. Տիգրան Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակության ծախսերը հոգալու դրամական աջակցության ծրագրի մանրամասները մշակելու գործընթացում վերջին օրերին զգալի առաջընթաց կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Մի շարք հանդիպումներ ենք ունեցել գործընկեր նախարարությունների ներկայացուցիչների հետ. գործնականում գաղափարն արդեն մշակված է և պատրաստ է ներկայացվելու կառավարության քննարկմանը: Հուսով եմ, որ առաջիկա հինգշաբթի օրը կառավարության կողմից այդ ծրագիրը ևս կհաստատվի, և մեր բոլոր հայրենակիցները այս աջակցության շահառու դառնալու հնարավորություն կստանան»,- հավելեց փոխվարչապետը՝ նշելով, որ այս աջակցության շահառու կհանդիսանան Հայաստանում գտնվող այն բոլոր բռնի տեղահանվածները, ովքեր չունեն բնակարաններ կամ բնակելի տուն:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում