«Երևանյան բեսթսելեր». «Իմ կյանքն ու գործը» ՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2023
11 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքների։
Հենրի Ֆորդի «Իմ կյանքն ու գործը» առաջին տեղում է։ «Իմ կյանքն ու գործը» գիրքը մի պատմություն է, որը լույս է սփռում Հենրի Ֆորդի կյանքի և ավտոմոբիլային արդյունաբերության առաջին օրերի վրա: Այն խորհուրդ է տրվում կարդալ նրանց, ովքեր հետաքրքրված են բիզնեսի պատմությամբ, ձեռներեցությամբ և զանգվածային արտադրության տեխնիկայի մշակմամբ:
Ռոնդա Բեռնի «Գաղտնիքը» երկրորդ տեղում է։ ««Գաղտնիքը» ստեղծելիս ցանկանում էի և այժմ էլ ցանկանում եմ, որ այն ուրախություն պարգևի աշխարհի միլիարդավոր մարդկանց... Չկա մի բան, որ չկարողանանք անել այս գիտելիքով: Էական չէ՝ ով եք դուք կամ որտեղ եք գտնվում, Գաղտնիքը կարող է ձեզ տալ այն ամենը, ինչ ցանկանում եք»: Ահա այսպիսի խոսքեր է գրում Ռոնդա Բեռնը իր «Գաղտնիքը» գրքի նախաբանում: Գիրքը կարդալիս և Գաղտնիքը բացահայտելիս դուք կպարզեք, թե ինչպես կարող եք ունենալ, լինել և անել այն ամենը, ինչ ցանկանում եք: Դուք կհասկանաք, թե ով եք իրականում, կգիտակցեք ձեր իրական վեհությունը: Գաղտնիքը շատերի համար է դարձել ոգեշնչման աղբյուր, օգնել վերականգնել ներքին ներդաշնակությունը, հասնել բազմաթիվ հաջողությունների...Գաղտնիքի հետքերը պատմության խորքերում փնտրելիս հեղինակը պարզել է, որ մեծագույն մարդիկ՝ Պլատոնը, Շեքսպիրը, Նյուտոնը, Հյուգոն, Բեթհովենը, Լինքոլնը, Էդիսոնը, Էյնշտեյնը, նրանք բոլորն էլ իմացել են դա...
Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» երրորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:
Չորրորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։
Հինգերորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:
Դենիել Գոուլմանի «Հուզական ինտելեկտը» վեցերորդ հորիզոնականում է։ «Ո՞րն է հաջողության գրավականը», «Ինչո՞ւ են խելացի մարդիկ երբեմն ձախողում», «Ի՞նչ դեր ունեն հույզերը միջանձնային հարաբերություններում, աշխատանքում, առողջության, կրթության եւ դաստիարակության մեջ»։ Ամերիկացի հոգեբան Դենիել Գոուլմանի այս փայլուն աշխատության մեջ ամփոփված են հոգեբանության եւ նյարդաբանության նվաճումները հուզական ոլորտում, որոնք լույս են սփռում նմանօրինակ հարցերի վրա:Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1995 թ. եւ մինչ օրս շարունակում է համարվել հուզական ինտելեկտի ոլորտում լավագույն աշխատություններից մեկը, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով եւ վաճառվել միլիոնավոր օրինակներով ամբողջ աշխարհում։
Յոթերորդ տեղում է Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»։ Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:
Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը ութերորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:
Իններորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» տասներորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | * |
Հենրի Ֆորդ «Իմ կյանքն ու գործը» |
Բուկինիստ | 69 | |
| 2 | 0 |
Ռոնդա Բեռն «Գաղտնիքը» |
Բուկինիստ | 52 | |
| 3 | * |
Ռոբին Շարմա «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» |
Բուկինիստ | 51 | |
| 4 | +6 |
Ռոբերտ Կիյոսակի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» |
Անտարես | 44 | |
| 5 | -4 |
Ջոն Ստրելեքի «Սրճարան աշխարհի եզրին» |
Դավինչի | 40 | |
| 6 | * |
Դենիել Գոուլման «Հուզական ինտելեկտը» |
Զանգակ | 37 | |
| 7 | * |
Յուվալ Նոյ Հարարի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը» |
Newmag | 35 | |
| 8 | -5 |
Ջեյմս Քլիըր «Ատոմային սովորություններ» |
Էդիթ Պրինտ | 26 | |
| 9 | -3 |
Ջո Նավարո «Ես կարդում եմ Ձեր մտքերը» |
Դավինչի | 25 | |
| 10 | -6 |
Հեկտոր Գարսիա և Ֆրանսեսկ Միրալես «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» |
Դավինչի |
23 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: