Քաղաքականություն

Գրանադայում կկայանա Փաշինյան-Շոլց-Մակրոն-Միշել հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Գրանադայում կկայանա Փաշինյան-Շոլց-Մակրոն-Միշել հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը քառակողմ հանդիպում կանցկացնեն Գրանադայում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ԵՄ համաժողովում հավատարմագրված լրագրողներին տեղեկացրել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը։

«Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրամիության խորհրդի առաջնորդների քառակողմ հանդիպումը տեղի կունենա, որպեսզի քննարկեն առկա իրավիճակը, ԵՄ-ի անելիքները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա աշխատանքի ուղղությամբ, ինչպես նաև կքննարկեն գործնական քայլերը ԵՄ-Հայաստան օրակարգի առաջմղման և խորացման ուղղությամբ», - ասել է նա:

Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հնգակողմ հանդիպումից։ Որպես պատճառ նշվում էր այն հանգամանքը, որ Ֆրանսիան և Գերմանիան մերժել էին Ադրբեջանի առաջարկը հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցության վերաբերյալ։ Նաև նշվում էր, որ Ադրբեջանը մերժելու է հանդիպման առաջարկներն այն ձևաչափերով, որոնց կմասնակցի Ֆրանսիան։ Միևնույն ժամանակ նշվում էր, որ Ադրբեջանը պատրաստ է վերսկսել ԵՄ-ի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպումների ձևաչափը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում