Դոլարի փոխարժեքի բարձրացման հիմնական պատճառը խուճապն է. փորձագետը մատնանշել է հնարավոր հետևանքները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին օրերին դոլարի փոխարժեքը կտրուկ աճում է, վերջին տվյալներով՝ այն հասել է ընդհուպ 429 դրամի։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը սա հիմնականում կապում է խուճապի հետ: ԼՂ-ում Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ որոշակի սպասումներ են ձևավորել, որոնք խուճապի տեսքով փոխանցվում են ֆինանսական շուկային:

Փորձագետն «Արմենպրես»-ի հետ զրույցում նաև ընդգծեց, որ ներքին շուկայում փոխարժեքը ձևավորում է դրամ-դոլար փոխարժեքը, եվրոն միջազգայինի հիման վրա է ձևավորվում: Եթե դոլարն աճում է, եվրոն ընթացքում աճելու է:

«Դոլարի փոխարժեքի բարձրացման հիմնական պատճառը, իրականում, խուճապն է: Պատերազմից հետո քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ որոշակի սպասումներ են ձևավորում, որոնք փոխանցվում են նաև ֆինանսական շուկային՝ խուճապի տեսքով: Ենթադրում ենք նաև, որ որոշակի պահանջարկ կա Արցախից եկած մեր հայրենակիցների կողմից, որոշակի անորոշության պայմաններում, բնականաբար, պետք է փորձեին արտարժույթ ձեռք բերել. ենթադրենք մի մասը չեն ուզելու Հայաստանում մնալ և այլն: Այս գործոններն իրար գումարվում են»,-ասաց փորձագետը:

Դոլարի փոխարժեքի բարձրացման տեմպն արագացնում է նաև այն, որ ամեն անգամ, երբ Հայաստանում փոխարժեքի բարձրացում է տեղի ունենում, նոր պահանջարկ է ձևավորվում խուճապի հետևանքով: Եվ ամեն հաջորդ բարձրացումն ավելի է խորացնում իրավիճակը:

«Այսպիսով՝ պատճառները հիմնականում խուճապը, սպասումներն են: Եվ իրական հիմքի վրա գործոններն այնքան քիչ էին, որ, չեմ կարծում, թե դրանք կարող էին էապես ազդել այս ձևով բարձրացման վրա»,-հավելեց Աղաբեկյանը:

Rate.am կայքի վերջին տվյալների համաձայն՝ բանկերում դոլարի վաճառքի նվազագույն գինը եղել է 418 դրամ, առավելագույնը՝ 430, միջինը՝ 422: Բանկերը ստիպված բարձրացնում են փոխարժեքը՝ այսպես ասած, պահանջարկը զսպելու համար:

Փորձագետը, սակայն, տեղեկացրեց, որ Կենտրոնական բանկը հոկտեմբերի 4-ին որոշակիորեն միջամտել է, դոլարի որոշակի վաճառք է արել, որ կայունացնի վիճակը: Այսպիսով՝ նա ենթադրում է, որ սա ազդեցություն կունենա: Բայց, թե ինչ փոխարժեքի վրա նոր հավասարակշռություն կձևավորվի, փոխարժեքն ինչ մակարդակում կանգ կառնի կամ ինչ տեմպերով կգնա, դժվար է ասել:

«Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե շուկան ինչպես կարձագանքի ԿԲ-ի գործողություններին, դա կբերի՞ կանգի կամ որոշակիորեն խուճապի նվազման: Շատ դեպքերում դա կարող է չբավարարել: Սակայն այն տեմպերով, որով աճում է, ենթադրում եմ, որ չի լինի: Ենթադրում եմ, որ իրավիճակի որոշակի կայունացում կտեսնենք»,-նշեց Աղաբեկյանը:

Իսկ թե ինչ հնարավոր հետևանքներ կարող են լինել, եթե դոլարի փոխարժեքի բարձրացումը շարունակվի ՝ փորձագետն ասաց, որ դա ազդեցություն կունենա ներմուծողների վրա, կբերի որոշակի գնաճի: «Մեր տնտեսությունը ներմուծման վրա է, և դա մեծ գնաճ կարող է առաջացնել»,-հավելեց փորձագետը:

Հոկտեմբերի 4-ին ԿԲ-ի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 15.69 դրամով և կազմել 429.14 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 17.64 դրամով և կազմել 450.73 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 4.31 դրամ:

Աննա Գրիգորյան

Հայերեն Español

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի