Խնամքի կարիք ունեցող շուրջ 100 միայնակ տարեց և առանց ծնողական խնամքի մնացած ավելի քան 20 երեխա տեղավորվել են խնամքի կենտրոններում․ Մկրտչյան
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատման և սոցիալական աջակցության տրամադրմանը զուգահեռ վերջին երկու օրվա ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ջանքերն առավել կենտրոնացվել են խոցելի խմբերին ծառայություններ մատուցելու, միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին համապատասխան խնամքի հաստատություններում տեղավորելու ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ընթացքումհայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Այդ աշխատանքները համակարգվում են ԼՂ-ի համապատասխան գործընկերների հետ, որպեսզի հավուր պատշաճի կազմակերպվի ինչպես տրանսպորտային տեղափոխումը, այնպես էլ մարդկանց տեղավորումը ՀՀ-ում։ 16։00-ի դրությամբ՝ շուրջ 100 խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներ, որոնց մեջ կան նաև հաշմանդամություն ունեցող անձինք, տեղավորվել են համապատասխան խնամքի կենտրոններում, որոնք գտնվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո։ Առանց ծնողական խնամքի մնացած ավելի քան 20 երեխաներ տեղավորվել են խնամքի հաստատություններում։ Կան երեխաներ, ովքեր այս կամ այն պատճառով գտնվում են առողջապահական մեր գործընկերների վերահսկողության ներքո հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում։ Նրանց ծնողների հետ նույնպես կապ է հաստատվել»,- ասաց Մկրտչյանը։
Նմանատիպ խնդիրները, նախարարի խոսքով, համակարգային լուծմամբ առաջ տանելու ուղղությամբ գործարկվել են մի շարք հարթակներ, որպեսզի հնարավոր լինի անընդհատ կապ ունենալ մեր հայրենակիցների հետ։ Օրինակ՝ առաջնային կարիքի արձանագրման հարթակում ժամը 14։00-ի դրությամբ արձանագրվել է ավելի քան 15300 կարիք։ Դրան զուգահեռ սոցիալական աջակցության քարտեզի հարթակում ավելի քան 180 սուբյեկտ՝ ՀԿ-ներ, բարեգործական կազմակերպություններ, միջազգային դոնորական կառույցներ իրենց առաջարկություններն են ներկայացրել։ Կարիքները բավարարելու համար ակտիվ կապ է հաստատվել նախարարության և մարզպետարանների, համայնքապետարանների, ինչպես նաև միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ, որպեսզի հնարավոր լինի արձանագրված կարիքներին փուլ առ փուլ արձագանքելով՝ գնալ առաջ։
Գործարկվել է նաև թեժ գիծը՝ 114 համարով։ 14։00-ի դրությամբ՝ սպասարկվել է ավելի քան 8500 հեռախոսազանգ, որոնք վերաբերվել են ամենատարբեր հարցերի՝ սկսած կեցության խնդիրներից, վերջացրած հոգեբանական ծառայության մատուցմամբ։ Զանգերի առումով եղել են համապատասխան ուղղորդումներ։
Մկրտչյանի տեղեկացմամբ՝ վերջին երկու օրերի ընթացքում ավելի քան 2000 անձ ուղղորդվել են ՀՀ մարզերի տարբեր բնակավայրեր։ Տվյալ գործընթացը շարունակական է։ Նախարարը նրանց, ովքեր չեն հաշվառվել, հորդորեց անպայման գնալ և հաշվառվել։ Հաշվառումներ կիրականացվեն նաև միասնական սոցիալական ծառայության բոլոր 49 կենտրոններում։ Մկրտչյանը խնդրեց հաշվառման գործընթացին շատ լուրջ վերաբերվել, քանի որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր տեսակի սոցիալական աջակցությունների շահառու հնարավոր է դառնալ միայն հաշվառումից հետո։
«Մենք նաև կանցնենք արտակարգ ռեժիմով աշխատելուն։ Միասնական սոցիալական ծառայությունը կունենա շուրջօրյա հերթապահություն, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան հնարավորինս արդյունավետ և արագ սպասարկվել։ Մենք միշտ էլ բավականին սերտ համագործակցություն ենք ունեցել ԼՂ-ի մեր գործընկերների հետ և գիտեինք, թե խնամքի ինչպիսի և քանի հաստատություններ կան այնտեղ, տեղեկություններ ունեինք խնամյալների ու շահառուների մասին, հետևաբար գործընթացի մեկնարկից ի վեր երեխաների տեղավորման և համապատասխան ծառայությունների տրամադրման գործընթացը հիմնականում իրականացվել է»,- հավաստիացրեց նախարարը։
Նա հիշեցրեց՝ նրանք, ովքեր ունեն բանկային կամ կենսաթոշակային քարտեր, միանգամից կստանան 100 000-ական դրամ միանվագ աջակցություն։ Իսկ նրանք, ովքեր չունեն քարտային հաշիվներ, միևնույն է, պետք է նույնպես ստանան այդ աջակցությունը, հետևաբար շատ կարևոր է, որպեսզի բոլորը մասնակցեն հաշվառման գործընթացին միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում, որոնցում կգործեն հաշվառման կետեր։ Կան մարզպետարանների հրապարակած հասցեները և հեռախոսահամարները։
«ԼՂ-ից բռնի տեղահանվածները, ովքեր չունեն անձնագրեր կամ փաստաթղթեր, պետք է գնան նույնականացվելու։ Մեր գործընկերները գրանցման պետական ռեգիստրից կհանեն տվյալները, որոնց հիման վրա տեղի կունենա նույնականացման գործընթացը։ Կտրվի տեղեկանք, որի հիման վրա նրանց կսպասարկեն «Հայփոստի» բաժանմունքներում, որտեղ միասնական սոցիալական ծառայությունից տրամադրված տեղեկանքների հիման վրա, տվյալների համադրումից հետո, մեր հայրենակիցները կստանան միանվագ սոցիալական աջակցությունը։ Այս պահին աշխատանքներ են տարվում տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ, որպեսզի կառավարությունը կարճ ժամանակ անց կարողանա հայտարարել, թե թիրախային որ խմբերն են ստացել գումարները։ Կգործարկվի նաև հարթակ, որտեղ ծնողները կլրացնեն երեխաների տվյալները, որպեսզի նրանց նույնպես հատկացվի միանվագ աջակցություն։ Բոլոր ուղեցույցները կհրապարակվեն, որպեսզի խոստումները հեշտությամբ իրականացվեն»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։