Հասարակական

Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել տառապանքը, որը մարդիկ տեսել են, որի միջով անցնում են այժմ. Փաուերը հանդիպել է Սյունիքի մարզպետին

4 րոպեի ընթերցում

Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել տառապանքը, որը մարդիկ տեսել են, որի միջով անցնում են այժմ. Փաուերը հանդիպել է Սյունիքի մարզպետին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին ներկայացրեց վերջին մի քանի օրերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը։

HM2_3616.jpg (2.35 MB)

Ինչպես Գորիսից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Լաչինի միջանցքով հազարավոր մարդիկ միաժամանակ դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղից, և այս ամենը մեծ ծանրաբեռնվածություն է ստեղծում Գորիսի համար։

«Երբեմն մենք տեղեկություն ենք ստանում, որ երեխաներով ավտոբուս կա միջանցքում, և երեխաները թթվածնի կարիք ունեն կամ այլ խնդիր ունեն, բայց մենք չենք կարողանում հասնել նրանց», - հայտնեց Ղուկասյանը՝ հավելելով, որ մարդիկ գալիս են ամեն վայրկյան։

Սյունիքի մարզպետի խոսքով՝ եկողների մեծ մասը կանայք և երեխաներ են, իսկ որոշ ընտանիքներ նույնիսկ տեղեկություն չունեն իրենց ընտանիքի մյուս անդամների մասին և չեն ցանկանում Գորիսից հեռանալ Երևան կամ այլ վայր, քանի որ ուզում են սպասել իրենց ընտանիքի կորած անդամներին։

Բացի այդ, դժվարություն է ստեղծում նաև այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքում կապ չկա, իսկ մեքենաների շարասյունը ձգվում է մի քանի կիլոմետր, և ոչ ոք չի կարող հասնել բուժօգնության կարիք ունեցող, ծանր կացության մեջ գտնվող մարդկանց։

Փաուերը նաև հետաքրքրվեց, թե ինչու է խցանումն այդքան երկար ձգվում։ Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրեց, որ ճանապարհին բազմաթիվ մեքենաներ փչացել են, հարյուրավոր մեքենաներ բենզին չունեն, շատերը հրելով հասցնում են մեքենաները մինչև Լաչինի միջանցք՝ հույսով, որ այնտեղ թեկուզ քիչ քանակությամբ բենզին կգտնեն, որպեսզի կարողանան հասնել մոտակա քաղաք և լիցքավորել։

«Շատ դեպքերում էլ մարդիկ գալիս են, իսկ նրանց իրերը որևէ մեծ բեռնատարում են, և նրանք ստիպված են այստեղ սպասել, մինչև իրենց իրերը հասնեն», - ասաց Ղուկասյանը։

«Մենք եկել ենք՝ աջակցելու և ավելի շատ հումանիտար օգնություն տրամադրելու, սակայն գիտեմ, որ ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել այն տառապանքները, որ մարդիկ տեսել են և որոնց միջով անցնում են այժմ», - նշեց Սամանթա Փաուերը։

HM2_3557.jpg (2.29 MB)

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից ԼՂ-ի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Հայկական կողմն ոայս պահի տվյալներով ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Նրանց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու):

Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխումը, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։

Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում