Լեռնային Ղարաբաղից կոչ են անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի Հայաստան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը` Լեռնային Ղարաբաղից կոչ են անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Տեղեկատվական շտաբը:

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով։

Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը` կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ, քանի որ մեզ համար առավել թանկ է մարդկային կյանքը, որի փրկության գործում դուք կարող եք ունենալ ձեր ներդրումը։

Հավատացե՛ք, որ նաև ձեր գործողություններից է կախված վիրավորների ճակատագիրը»,-ասված է հայտարարությունում:

ԼՂ-ում խնդրում են ամենայն պատասխանատվությամբ մոտենալ հարցին` ցուցաբերելով բարձր պատասխանատվություն և հանդուրժողականություն։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։ Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին դիմավորում և ընդունում են Կոռնիձորում տեղակայված վրանային կայանում, որտեղ նրանք ստանում են աջակցություն, գրանցում են, տեղի է ունենում առաջնային կարիքների գնահատում:

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով 7 մարդ հիվանդանոցում մահացել է, տասնյակ տուժածներ ծայրահեղ ծանր վիճակում են: Սեպտեմբերի 26-ին ավելի վաղ Հայաստանից ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով մեկնել էր դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին: Պայթյունից տուժած քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղից տեղափոխող առաջին ուղղաթիռը հասել է Հայաստան:

Հայերեն

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին