Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». Քրիստին՝ առաջատար. թարգմանական. օգոստոս, 2023

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». Քրիստին՝ առաջատար. թարգմանական. օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է օգոստոսիվաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց...» վեպը: Այն հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց...» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի:

Ագաթա Քրիստիի «Ծռմռված տունը» երկրորդ տեղում է։ «Ծռմռված տունը» համարվում է Ագաթա Քրիստիի ամենախճճված վեպը: Հրատարակվել է 1949թ. հետպատերազմյան Անգլիայում: Քրիստիի ամենասիրելի տասը գրքերից մեկն է և այն քչերից, որ գոհացրել են հեղինակին: Վերջինս նշում է, որ հետաքրքիր էր ուսումնասիրել մեկ ընտանիքի պատմությունը՝ իր գաղտնիքներով ու միջանձնային հարաբերություններով: Տան արտասովոր կառուցվածքն էլ խորհրդանշում է այդ հարաբերությունների խճճված բնույթը: Լոնդոնյան արվարձաններից մեկում գտնվող իր տանը առեղծվածորեն մահանում է հույն մեծահարուստ Արիստիդ Լեոնիդիսը: Ընտանիքի անդամներից ոչ ոք չունի ո՛չ նրան սպանելու շարժառիթ, ո՛չ էլ ալիբի: Բնական մա՞հ, ճակատագրական պատահականությո՞ւն, թե՞ կանխամտածված սպանություն. արդյո՞ք Սքոթլենդ Յարդին կհաջողվի պարզել ճշմարտությունը: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի։

Երրորդ հորիզոնականում է Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը»: Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես, նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի «Սպանություններ այբբենական կարգով» գիրքը չորրորդ տեղում է։ 1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանը իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները: Թարգմանությունը՝ Էդիտա Շադոյանի։

Ալեքս Մայքլիդիսի «Կույսերը» հինգերորդ տեղում է։ Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են և՛ դասախոսները, և՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները: Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սևեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը: Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեև վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան։

Ագաթա Քրիստիի «Սպանություն գոլֆի դաշտում» գիրքը վեցերորդ տեղում է։ «Սպանություն գոլֆի դաշտում» վեպը Ագաթա Քրիստիի երրորդ գիրքն է և նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին Մեծ Բրիտանիայում: Մեծահարուստ Պոլ Ռենոյի նամակը Լոնդոնում հաստատված և արդեն մասնավոր գործեր հետաքննող Էրքյուլ Պուարոյին բերում է Ֆրանսիա: Սակայն տեղ հասնելով՝ բելգիացի հռչակավոր խուզարկուն պարզում է, որ իր հաճախորդը սպանված է, իսկ նրա դիակը հայտնաբերվել է գոլֆի դաշտում՝ թիկունքից դաշունահար: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։

Յոթերորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը։ Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի

կիզակետում:Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական

մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։

Ութերորդ հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» գիրքը։ Անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» վեպը միսս Մարփլի մասնակցությամբ ստեղծագործությունների շարքից է: Սյուժեն ծավալվում է Բանթրիների գրադարանում հայտնաբերված խորհրդավոր դիակի շուրջը: Գնդապետ Մելչեթը, տեսուչ Սլեքը, ոստիկանապետ Հարփերն ու սըր Հենրի Քլիթերինգը սկսում են հետաքննությունը, մինչդեռ ճշմարտությունը բացահայտել հաջողվում է միայն միսս Մարփլին: Թարգմանությունը՝ Շուշաննա Վասիլյանի:

Ւններորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունն էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։

Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» գիրքը տասներորդ տեղում է։ «Սպանություն Արևելյան ճեպընթացում» վիպակը համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է, որն իր մասնագիտական հմտությունների և ճկուն տրամաբանության շնորհիվ բացահայտում է չափազանց հետաքրքրական մի հանցագործություն։ Վեպը առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Մեծ Բրիտանիայում։ Թարգմանությունը՝ Շուշան Փայտյանի։

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում