ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց, և՛ զինվորական անձնակազմի շրջանում։
«Քաղաքացիական բնակչության թիրախավորման, քաղաքացիական օբյեկտների վնասման կամ ոչնչացման դեպքեր արձանագրվել են Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների խաղաղ բնակավայրերում և Ստեփանակերտում։
Կապի համակարգի թիրախավորման և ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով ՄԻՊ աշխատակազմը բախվում է լրջագույն խնդիրների փաստերի հավաքագրման առումով։
Փաստահավաք աշխատանքները շարունակվում են։ Քաղաքացիական բնակչության և օբյեկտների շրջանում արձանագրված վնասների վերաբերյալ հանդես կգանք թարմացվող հաղորդագրություններով»,-նշել է Ստեփանյանը՝ հավելելով, որ իննամսյա շրջափակումից, սովամահության ենթարկելուց և հյուծումից հետո Ադրբեջանի հանցավոր իշխանություններն անցել են Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի փուլին։
Սա ադրբեջանական շարունակական հանցագործությունների անպատժելիության և միջազգային հանրության անհասցե գործողությունների հետևանքն է։