Արցախ

ԼՂ ԱԳ նախարարությունը պահանջում է, որ միջազգային հանրությունը գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար

3 րոպեի ընթերցում

ԼՂ ԱԳ նախարարությունը պահանջում է, որ միջազգային հանրությունը գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերի նախարարությունը պահանջում է, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախում իրավիճակի հետ կապված՝ լրագրողների հարցերին ի պատասխան՝ հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը:

«Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ և հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար»,- ասել է ԱԳ նախարարը:

Նա նշել է, որ վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով Ադրբեջանական կողմը իրականացրել է բանակային տեղաշարժեր և տարբեր զինատեսակների կուտակումներ, որոնք ուղեկցվել են ինտենսիվ տեղեկատվական-քարոզչական աշխատանքներով՝ հող նախապատրաստելով Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի համար:

Սերգեյ Ղազարյանը հիշեցրել է, որ արցախյան կողմը շարունակաբար բոլոր դերակատարներին նախազգուշացրել է 2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանի կողմից աննախադեպ ռազմական ուժի կուտակումների անհերքելի փաստի և հնարավոր սադրանքների մասին, այդ թվում՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխման ակնկալիքով:

«Ինչպես տեղյակ եք՝ վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել, որ իբր թե արցախյան կողմը դիվերսիոն գործողությունների է իրականացրել, հրետակոծության ենթարկել ադրբեջանական դիրքերը: Իսկ քիչ անց նրանք տարածել են տեղեկատվություն, որ սկսել են այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն», ինչը վկայում է նրա մասին, որ այս բոլոր քայլերը նախապես ծրագրավորված են եղել:

Սա լրիվությամբ տեղավորվում է վերջին ամիսների ընթացքում հայկական կողմի՝ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին հաղորդումներին: Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը և քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին»,- ասել է Սերգեյ Ղազարյանը:

Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ փաստացի չթաքցնելով ԼՂ տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում