Պաշտոնական

ՀՀ ԱԺ պատգամավորները ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել են տարածաշրջանային մարտահրավերները

4 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ պատգամավորները ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել են տարածաշրջանային մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել են Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակության հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

«Ֆրանսիան մեր մեծագույն բարեկամն է եւ Հայաստանի կողքին է բոլոր դժվարին օրերին»,- ասել է Սարգիս Խանդանյանը եւ շնորհակալություն հայտնել Ժան-Լուի Բուրլանժին հայանպաստ գործունեության համար:

Վլադիմիր Վարդանյանը էլ ասել է. «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես առանձնահատուկ կարեւորություն է ունեցել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը»:

Նա հավելել է, որ Ֆրանսիայի հետ համագործակցությունը սկսել է ընդգրկել նորանոր ոլորտներ: Պատգամավորը նշել է, որ որպես բարեկամական խմբի ղեկավար՝ ինքն ամենօրյա կապի մեջ է ֆրանսիացի գործընկերների հետ՝ հստակեցնելով գործունեության երկկողմ օրակարգը:

Շնորհակալություն հայտնելով Ժան-Լուի Բուրլանժին Ֆրանսիայի խորհրդարանում հայանպաստ բանաձեւերի ընդունման հարցում ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ Վլադիմիր Վարդանյանը խնդրել է շարունակել խորհրդարանական դիվանագիտական գործիքակազմի շրջանակում աջակցությունը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:

Ժան-Լուի Բուրլանժն ասել է, որ մեծ պատիվ է այս դժվարին օրերին այցելել Հայաստան: «Ներկա քաղաքական իրավիճակը թույլ է տալիս հրամայական դարձնել միջազգային գործընկերներով համախմբված լինելը եւ օգնել Հայաստանին դիմակայել այս բարդ ժամանակներում: Այսօր, այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում գրառում եմ կատարել՝ նշելով, որ բավարար չէ հիշել եւ աղոթել, պետք է անցնել գործողությունների»,- ասել է Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ Հայաստանի հարցը խոր մտահոգություններ է առաջացրել իրենց հանձնաժողովում: Նրանք գիտակցում են, թե որքան ծայրահեղ լուրջ է իրավիճակը, եւ թե ինչպիսի ծանր, անմարդկային վիճակում են հայտնվել շրջափակված Լեռնային Ղարաբաղի բնակիչները:

Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Ժան-Լուի Բուրլանժը նշել է, որ վերադառնալուն պես կներկայացնի տիրող իրավիճակը, պահի լրջությունն ու գործելու առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ պետք է ակտիվ աշխատանքներ իրականացնել եվրոպացի գործընկերներին այդ գործընթացներին ներգրավելու համար: Նա ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության շարունակականության կարեւորությունը: «Պետք է պայքարենք, սա նաեւ մեր պայքարն է արժեքների համար»,- եզրափակել է Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում