Քաղաքականություն

ՀՀ-ՌԴ հարաբերություններում կողմնորոշվում եմ իմ ռուս գործընկերոջ հայտարարություններով. Փաշինյանը նշեց՝ ուշադիր չի հետևում Զախարովային

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ՌԴ հարաբերություններում կողմնորոշվում եմ իմ ռուս գործընկերոջ հայտարարություններով. Փաշինյանը նշեց՝ ուշադիր չի հետևում Զախարովային

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում է ռուսաստանցի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հայտարարություններով, ով վերջերս հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանի դիտարկմանը, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ոչ բարեկամական էր որակել պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ մասնավորապես Հռոմի ստատուտի հետ կապված:

«Ես Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում եմ ռուսաստանցի իմ գործընկերոջ հայտարարություններով, և ճիշտն ասած պարտավոր չեմ ու շատ ուշադիր չեմ էլ հետևում: Ես ուշադիր հետևում եմ ՌԴ նախագահի հայտարարություններին, ով ասաց, որ Հայաստանի հետ, ինձ հետ հարաբերություններում խնդիրներ չկան»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով վերջին շրջանում ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույց չունենալու մասին պատգամավորի դիտարկմանը՝ վարչապետն ասաց, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման օրվանից ինքը 7-8 հեռախոսային խոսակցություն է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, մյուս գործընկերների հետ կամ ոչ մի խոսակցություն չի ունեցել, կամ շատ ավելի պակաս խոսակցություն է ունեցել: «Չեմ կարծում, թե խնդիր կա այստեղ: Հեռախոսային զանգի նպատակն է կիսել տեղեկություն, քննարկել իրավիճակ, որից մյուս գործընկերները տեղեկություն չունեն»,-ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ բոլոր տեղեկությունների, կանխատեսումների, զարգացումների մասին ինքը նաև բանավոր քննարկումների ընթացքում է խոսել, նաև գրավոր կերպով է փոխանցել, այս ընթացքում նաև հանդիպել են: «Էլ չեմ ասում, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբ կա: Եվ Ռուսաստանի Դաշնությունը տեղի ունեցող իրադարձությունների մասին ունի պատշաճ տեղեկատվության աղբյուր»,-ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում