ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը կվավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ամբողջությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կառավարությունը ուղարկել է Հռոմի ստատուտը Ազգային ժողով և իմ և մեր խմբակցության դիրքորոշմամբ այն վավերացվելու է ամբողջությամբ ու լիարժեք։ Դա որևէ կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, դա կապ ունի Հայաստանի անվտանգային խնդիրների հետ»,- ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ, գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման:
Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու: