Արցախի երեք նախկին նախագահները երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորել են Սամվել Շահրամանյանին
4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի ուղերձում ասված է.
«Հարգարժան պարոն նախագահ,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու և այդ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Չափազանց դժվարին ժամանակահատվածում եք Դուք ստանձնում այդ պաշտոնը, ինչը նշանակում է, որ միայն ամենօրյա լարված ու համառ աշխատանքով կարելի է հասնել այն արդյունքին, որին մեծ հույսերով սպասում է մեր ժողովուրդը:
Ձեր աշխատանքային կենսագրությունը, անվտանգության բնագավառում համակարգված գործունեությունն ու կուտակված փորձը՝ արցախյան ուժեղ արմատների հետ մեկտեղ, լավագույն երաշխիքն են այն բանի, որ առաջնահերթությունների հստակ սահմանման պարագայում Ձեզ կհաջողվի հաղթահարել մեր երկրի ու պետականության առջև կանգնած մարտահրավերները:
Լիահույս եմ, որ Ձեզ հատուկ սկզբունքայնությամբ կշարունակեք ուշադրության կենտրոնում պահել Արցախի Հանրապետության սուբյեկտայնության բարձրացման, մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցերն ու տնտեսական և սոցիալական հիմնախնդիրները:
Վերահաստատելով Արցախի բարձրաստիճան ղեկավարների հարաբերություններում արմատավորված համերաշխության ավանդույթները, իմ պատրաստակամությունն եմ հայտնում, հարգարժան Սամվել Սերգեյի, աջակցելու Ձեր ազգանվեր ծրագրերին ու նախաձեռնություններին:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, տոկունություն և մշտական հաջողություններ պաշտոնավարման ընթացքում»:
Ըստ աղբյուրի՝ Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի ուղերձում ասված է.
«Մեծարգո Սամվել Սերգեյի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ մեր պետության համար այս ծանր ու վճռորոշ ժամանակաշրջանում ստանձնելով երկրի ղեկավարի բարձր ու պատասխանատու պաշտոնը, Դուք Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները, ունակություններն ու կարողություններն անմնացորդ կծառայեցնեք մեր հայրենիքի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը:
Մաղթում եմ Ձեզ մեծագույն հաջողություններ՝ Ձեր հայրենանվեր առաքելության իրականացման բարդ ու դժվարին ճանապարհին»:
Նշվում է, որ Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձում ասված է.
«Հարգարժա՛ն պարոն Շահրամանյան,
Ուրախ եմ, որ երեկ, ԱՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանն ամբողջապես համապատասխանող ընթացակարգերով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եք Հանրապետության նախագահի պաշտոնում, իսկ այսօր՝ երդմնակալությամբ ստանձնել լիազորությունները: Հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ Արցախի համար այս ճակատագրական փուլում ստանձնած դժվարագույն լիազորությունների իրականացման հարցում:
Գնահատելի է Ձեր վճռականությունն ու պատրաստակամությունը այսպիսի պայմաններում վերցնելու ծանր պատասխանատվություն և առաջնորդելու Արցախի ժողովրդին դեպի մեր ազգային իղձերն ու սահմանադրական նպատակները:
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ես իմ անվերապահ սատարումն եմ հայտնում Ձեզ և պատրաստ եմ առավելագույնս նպաստելու Ձեր նախագահական լիազորությունների արդյունավետ իրագործմանը:
Ընդունե՛ք հարգանացս հավաստիքը և լավագույն բարեմաղթանքներս՝ հանուն Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ հարատևման և Արցախի Հանրապետության ամրացման»: