Արցախ

Արցախի ԱԱԾ-ն նախագահի ընտրություններին ընդառաջ կոչ է արել քաղաքացիներին չտրվել սադրանքներին և հարգել օրենքները

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԱԾ-ն նախագահի ընտրություններին ընդառաջ կոչ է արել քաղաքացիներին չտրվել սադրանքներին և հարգել օրենքները

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահի ընտրություններով պայմանավորված Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն տարածել է հաղորդագրություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդագրության մեջ ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, սեպտեմբերի 9-ին ԱՀ ԱԺ կողմից ԱՀ նախագահի ընտրություններով պայմանավորված հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն: Միաժամանակ տարբեր քաղաքական ուժեր, իրավիճակից օգտվելով, հավաքների և ցույցերի անցկացման կոչեր են անում, այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։

Տեղեկացնում ենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները ԱՀ Սահմանադրական կարգը պահպանելու համար։ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ազգային անվտանգության ծառայությունը պատրաստ է վճռական գործողությունների։

Երկիրը ցնցումների տանելու հայտարարություններ անող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ու առանձին անձանց կոչ ենք անում սթափվել և Արցախի Հանրապետության համար այս վճռորոշ ու օրհասական պահին վտանգի տակ չդնել մեր պետականությունը։

ԱՀ քաղաքացիներին հորդորում ու խնդրում ենք չտրվել սադրանքների, ցուցաբերել սառնասրտություն ու բարձր քաղաքացիական գիտակցություն և հարգել ԱՀ Սահմանադրությունն ու օրենքները»։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում