Հասարակական

«Ֆլայ Արնան» ազդակ է տալիս աշխարհին, որ ՀՀ-ն անվտանգ ավիացիոն շուկա է. ավիաընկերությունը ստացել է IOSA հավաստագիր

4 րոպեի ընթերցում

«Ֆլայ Արնան» ազդակ է տալիս աշխարհին, որ ՀՀ-ն անվտանգ ավիացիոն շուկա է. ավիաընկերությունը ստացել է IOSA հավաստագիր

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնա» ավիաընկերությանն այս տարվա օգոստոսին հաջողվել է անցնել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտն (IOSA) ու ստանալ IOSA անվտանգության հավաստագիր, սա ձեռքբերում է ինչպես ավիաընկերության, այնպես էլ երկրի համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս և Սոչիի միջազգային օդանավակայանի կողմից ամենաճշտապահ ավիաընկերությունների շարքին դասվելու ձեռքբերումների մասին է խոսել «Ֆլայ Արնա» ավիաընկերության ներկայացուցիչ, մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

image00002.JPG (533 KB)

Այս գործառնական անվտանգության աուդիտն ավիաընկերություններն անցնում են իրենց իսկ նախաձեռնությամբ: «Ֆլայ Արնա»-ն Հայաստանում առաջին և այս պահին դեռևս միակ ավիաընկերությունն է, որը հաջողությամբ անցել է IOSA աուդիտը և դարձել IOSA օպերատոր։

«IOSA հավաստագրի ստացմամբ «Ֆլայ Արնա»-ն ազդակ է տալիս աշխարհին, որ Հայաստանն անվտանգ ավիացիոն շուկա է, և դրանով, վստահ ենք, օգնում է Հայաստանին վերականգնել իր վարկանիշը համաշխարհային ավիացիայի շուկայում։ IOSA աուդիտի ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրվել և գնահատվել են «Ֆլայ Արնա»-ի բոլոր գործընթացների, ընթացակարգերի համապատասխանությունն ավիացիոն համաշխարհային ստանդարտներին»,-ասաց խոսնակը:

Անտոնյանը մանրամասնեց՝ IOSA աուդիտի ընթացքում մանրամասն ուսումնասիրվել է, թե ինչպես է իրականացվում թռիչքների պլանավորումն ու կառավարումը, ինչպիսի անվտանգային վերահսկողության ընթացակարգեր է կիրառում ընկերությունը, ինչ ընթացակարգերով են իրականացվում օդանավերի տեխնիկական ու վերգետնյա սպասարկումը, որքանով են ընկերության ձեռնարկները համապատասխանում միջազգային ստանդարտներին և արդյոք ավիաընկերության թռիչքային անձնակազմն ունի համապատասխան պատրաստվածություն անվտանգ թռիչքների իրականացման համար:

«IOSA աուդիտը ավիաընկերությունների համար աշխարհում ամենահայտնի և ամենաբարդ աուդիտներից է: Եղել են դեպքեր, երբ անգամ տարիների գործունեություն ծավալող ավիաընկերությունները չեն կարողացել հաղթահարել աուդիտի բոլոր փուլերը ու չեն ստացել անվտանգության հավաստագիրը։ «Ֆլայ Արնա»-ն իր մեկ տարվա գործունեությամբ կարողացել է անցնել այն: Սա, իհարկե, մեծ ձեռքբերում է թե մեր, և թե երկրի համար»,-ասաց խոսնակը:

image00003.JPG (548 KB)

Նա վստահեցրեց՝ ընկերության նպատակն ի սկզբանե եղել է Հայաստանում ավիացիայի ոլորտի բարելավումը և զարգացումը, և այս քայլերով հստակ գնում են դեպի վերջնանպատակ:

«Սա նաև առաջին քայլն է դեպի մեր ավելի մեծ նպատակի իրագործում, այն է՝ ամրապնդել Հայաստանի՝ որպես անվտանգ ավիացիոն երկրի դիրքերն աշխարհում, և ցույց տալ, որ մենք կարող ենք հաղթահարել կարճաժամկետ մարտահրավերները՝ դրանով ճանապարհ հարթելով դեպի Եվրոպա և այլ շուկաներ հայկական գրանցմամբ օդանավերով թռիչքների վերսկսման համար»։

Վերջերս «Ֆլայ Արնա»-ն Սոչիի միջազգային օդանավակայանի կողմից դասվել է ամենաճշտապահ ավիաընկերությունների շարքին։ Թե ինչպե՞ս է հաջողվել նման գնահատականի արժանանալ՝ խոսնակը ընդգծեց ընկերության արդյունավետ կառավարման, ավիացիայի ոլորտում լավագույն մասնագետներից կազմված թիմի, ճիշտ թիմային աշխատանքի մասին:

«Սա նշանակում է, որ մեր ուղևորները կարող են վստահ լինել, որ մեզ հետ իրենց թռիչքները ոչ միայն ճիշտ ժամանակին են իրականացվում, այլ նաև նրանք ամուր և անվտանգ ձեռքերում են: Ընկերության համար ուղևորների և թռիչքային անձնակազմի անվտանգությունն ու բարեկեցությունն առանցքային է: Թիմը շարունակելու է բարձր պահել ավիացիայի ոլորտում ուղևորների սպասարկման նշաձողը՝ հավատարիմ մնալով ազգային ավիաուղիներ կոչմանը»,-եզրափակեց խոսնակը:

Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում