Հասարակական

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահն ու Վրաստանի ներքին գործերի նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահն ու Վրաստանի ներքին գործերի նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարար, Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև իրավապահ ոլորտում ձևավորված արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը և ընդգծել միջգերատեսչական ամուր կապերի նշանակությունը միջպետական հարաբերությունների կայուն զարգացման, երկու երկրներում օրինականության պահպանման, քաղաքացիների անվտանգության և իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Արգիշտի Քյարամյանը շեշտել է, որ փոխգործակցության կայուն ավանդույթները, երկու երկրների իրավապահ մարմինների միջև առկա փոխադարձ վստահությունը կարևոր նախադրյալներ են ստեղծում միմյանց բարձրացրած խնդիրների լուծմանը նախանձախնդրությամբ վերաբերվելու, քննչական հարցումների կատարման, հանցագործություններին արագ հակազդման համար։

Արգիշտի Քյարամյանը և Վախթանգ Գոմելաուրին մտքեր են փոխանակել հարաբերությունների զարգացման հեռանկարների, համագործակցության ընդլայնման հնարավորությունների, փորձի փոխանակման մշտապես գործող կառուցակարգերի գործարկման կարևորության մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում