Հասարակական

ՔՈԱՖ-ը եվ GIZ-ը կիրականացնեն արվեստի, արհեստի ու երաժշտության փառատոն՝ խթանելով Լոռու զբոսաշրջությունը

7 րոպեի ընթերցում

ՔՈԱՖ-ը եվ GIZ-ը կիրականացնեն արվեստի, արհեստի ու երաժշտության փառատոն՝ խթանելով Լոռու զբոսաշրջությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արվեստի, արհեստի և երաժշտության ՔՈԱՖ փառատոնն այս աշնանն իր շուրջը կհամախմբի Հայաստանի ամենավառ երաժշտական տաղանդներին, Լոռու մարզի արհեստագործներին և արտադրողներին։ Փառատոնը, որն իրականացվում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «ITTD» ծրագրի աջակցությամբ, տեղի կունենա սեպտեմբերի 16-ին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում (Դեբետ, Լոռի)։ Այն ուղղված է Լոռու մարզի տնտեսական զարգացմանը և զբոսաշրջային գրավչության ամրապնդմանը։

COAF Fest 2.jpg (286 KB)

«Արդեն տևական ժամանակ է, ինչ մեր հիմնադրամն ու GIZ-ն իրականացնում են «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» նախաձեռնությունը, որի շրջանակում փորձում ենք տարբեր ձևաչափերով խթանել տեղի զբոսաշրջային ներուժն ու այն տարածաշրջանի կայուն զարգացման մաս դարձնել։ Ոչ ֆորմալ կրթություն ապահովելուց բացի, Լոռիում մեր գործունեությունն ուղղված է նաև ՍՄԱՐԹ կենտրոնի շուրջ նոր էկոհամակարգի ստեղծմանը։ Եվ ահա, այս փառատոնը հիանալի առիթ է, որպեսզի բոլորին համախմբենք մեր ՍՄԱՐԹ ավանում՝ վայելելու երաժշտության, արվեստի ու արհեստի ամենագեղեցիկ համադրությունը և համտեսելու հայկական ազգային ուտեստները»,- նշում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։

COAF Managing Director Liana Ghaltaghchyan.JPG (159 KB)

Այդ օրը կներկայացվի նաև Հայաստանում խոշորագույն սոցիալական ձեռնարկություն հանդիսացող ՔՈԱՖ Կոնցեպտը, որն իր մեջ ներառում է Կոնցեպտ հյուրանոցը՝ համագումարների ընդարձակ կենտրոնով և այլ ենթակառուցվածքներով։ Այն հանգստի, մասնագիտական ու պաշտոնական միջոցառումների համար հիանալի վայր է, որը միաժամանակ նպաստում է գյուղական համայնքներում ՔՈԱՖ-ի կրթական և սոցիալական ծրագրերի հետագա ընդլայնմանն ու շարունակականության ապահովմանը։ ՔՈԱՖ Կոնցեպտի հանդիսավոր բացմամբ կազդարարվի հիմնադրամի 20-ամյա գործունեության նոր փուլը՝ Սյունիքում (Գորիս, Կապան), Արմավիրում և Շիրակում ՍՄԱՐԹ կենտրոնների և այլ կարևորագույն ենթակառուցվածքերի ստեղծման մեկնարկը, ինչպես նաև Արցախում իրականացվող ծրագրի սահուն ընթացքի ապահովումը։

ՔՈԱՖ փառատոնը հարթակ կհանդիսանա մարզաբնակ արտադրողների համար՝ խթանելով նրանց արտադրանքի հանրայնացումն ու զարգացումը։

COAF Fest-1.jpg (338 KB)

Թեյերի, գյուղմթերքի, հագուստի և գործվածքի, խնամքի և կոսմետիկ միջոցների, ձեռագործ իրերի, պայուսակների, հուշանվերների, ժամանցային ծառայություններ առաջարկող ընկերությունների 30-ից ավելի տաղավարները ներկայացված կլինեն փառատոնին։

Բացօթյա պատկերասրահում կցուցադրվեն նաև Արդեանի արվեստի ինստալյացիաները, որոնք իրենց լուսավորությամբ բնականորեն կզուգորդվեն Լոռու գեղեցկության հետ` արտացոլելով հնագույն վանքերն ու տեղի մշակութային ժառանգությունը: Կենդանի կատարումներով հանդես կգան «Hayat Project»-ը, «Լավ Էլի»-ն, «Վահագն Հայրապետյան քառյակ»-ը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ (MVF)»-ը, «Բամբիռ»-ն ու DJ Alen Hertz-ը: Փառատոնի ընթացքում ՍՄԱՐԹ ավանում տեղադրված կլինեն հատուկ նվիրաբերության արկղեր, որոնց վրա կլինեն QR կոդեր՝ այսպիսով հնարավոր դարձնելով տարբեր հարթակներով նվիրատվություն կատարելը և դրական ու շարունակական փոփոխություններին մասնակից դառնալը։

COAF Fest .jpg (274 KB)

2021 թվականից մեկնարկած «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» նախագծի շրջանակում իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ 2022-ին կայացած արվեստի ու գիտության «ՍԹԱՐՄՈՒՍ օր ՍՄԱՐԹ-ում» փառատոնը, զբոսաշրջային արահետների կառուցումը, Վանաձորը Վրաստանի սահմանին միացնող Մ6 ճանապարհի վրա ՔՈԱՖ Այցելուների կենտրոնի ու ճանապարհային սրճարանի հիմնումը, ինչպես նաև տեղի մշակութային ժառանգության հանրայնացումը։

ՔՈԱՖ փառատոնի շրջանակում մեզ աջակցում են նաև զովացուցիչ և ալկոհոլային ըմպելիքներ արտադրող մեր ընկերները՝ Պեպսի Հայաստանը, Իստակը, Նոյը, Տուսը, Կատարոն։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի մասին

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի և կարիքների վրա: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով Հայաստանում ու Արցախում՝ ավելի քան 82 համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար:

ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի մասին

ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։ Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ ապահովել համընդհանուր և հավասարակշռված ներառական աճ զբոսաշրջության և նորարարական ոլորտներում, որը կապահովվի Հայաստանի հյուսիսային մարզերում զբոսաշրջության նորարարական ձեռնարկումների, բարձր տեխնոլոգիաների և նորարար ձեռնարկատերերի աջակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում հետազոտողների միջազգային գիտելիքների փոխանակման, ինչպես նաև ուսանողների և ընդհանուր բնակչության համար ձեռներեցության մշակույթի զարգացմանը նպաստող ցանցերի միջոցով:

Նախագծի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել շուրջ 100 ձեռնարկությունների` օգնելով պահպանել/ստեղծել 400 աշխատատեղ, իսկ ավելի քան 800 անհատ շահառու ներգրավվել է տարաբնույթ թրեյնինգների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում