«Երևանյան բեսթսելեր»․ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը՝ առաջատար. մանկական. հուլիս, 2023
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:
Երկրորդ հորիզոնականում է Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը»: Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:
Երրորդ տեղում է «Գայլն ու յոթ ուլիկները» գիրքը: Գրիմ եղբայրների այս հեքիաթը, հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:
Խնկո Ապոր առակներն ամփոփող «Առակներ» ժողովածուն չորրորդն է։ Առակների հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին գրվել չափածո։
Հինգերորդ տեղում է Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-Պույ Մուկիկը»: Յուրաքանչյուր երեխա մեծ բավականություն կստանա՝ ընթերցելով հեքիաթը հանրահայտ մուկիկի մասին, դե, իսկ սյուժեն հայտնի է բոլոր-բոլորին:
Վեցերորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:
Յոթերորդ հորիզոնականում«Երեքխոզուկները»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
Ութերորդ տեղում է «Նապաստակի երգը»։ Գիրքը զարգացնում է երեխայի լսողական հիշողությունն ու բանավոր խոսքը: Բաղկացած է ամուր, որակյալ թերթերից, գունավոր պատկերազարդ նկարներից:
Իններորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն տասներորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +6 | ![]() |
«20 հեքիաթ արքայադուստրերի մասին» | Դավինչի | 66 |
| 2 | * | ![]() |
Ջաննի Ռոդարի «Երկնագույն նետը» |
Զանգակ | 66 |
| 3 | +3 | ![]() |
«Գայլն ու յոթ ուլիկները» | Բուկինիստ | 62 |
| 4 | * | ![]() |
Խնկո Ապեր «Առակներ» |
Բուկինիստ | 51 |
| 5 | * | ![]() |
Դերենիկ Դեմիրճյան «Պույ-Պույ Մուկիկը» |
GSM | 49 |
| 6 | +3 | ![]() |
«Շունն ու կատուն» | Բուկինիստ | 45 |
| 7 | +1 | ![]() |
«Երեք խոզուկները» | Բուկինիստ | 45 |
| 8 | * | ![]() |
«Նապաստակի երգը» | Բուկինիստ | 41 |
| 9 | * | ![]() |
«Բոքոնիկը» | Բուկինիստ | 40 |
| 10 | * | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Բուկինիստ | 38 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:









