Պաշտոնական

Բեռներն արգելափակելը ևս մեկ անգամ վկայում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի խորացմանը միտված Ադրբեջանի քաղաքականության մասին. Վարչապետը՝ Իդալգոյին

2 րոպեի ընթերցում

Բեռներն արգելափակելը ևս մեկ անգամ վկայում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի խորացմանը միտված Ադրբեջանի քաղաքականության մասին. Վարչապետը՝ Իդալգոյին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, վարչապետը բարձր է գնահատել և շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի մի շարք շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու նախաձեռնությունը և ընդգծել, որ բեռների տեղափոխումն արգելափակելու քայլը ևս մեկ անգամ վկայում է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի խորացմանը միտված Ադրբեջանի քաղաքականության մասին:

Զրուցակիցները շեշտել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական հարաբերություններին և առկա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար: 10 բեռնատարներից բաղկացած շարասյունն ուղեկցել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում