Արցախ

Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

2 րոպեի ընթերցում

Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը օգոստոսի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ սեպտեմբերի 1-ին մեկնարկելիք նոր ուսումնական տարվան ընդառաջ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի պետնախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը ներկայացրել է ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկումների և նախապատրաստական աշխատանքների արդյունքները, ինչպես նաև Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հիմնախնդիրները: Նախարարն ընդգծել է հատկապես գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի պարագաների խիստ սղության և տրանսպորտի բացակայության խնդիրները՝ շեշտելով, որ այդ պայմաններում հնարավորինս ամեն ինչ արվել է սեպտեմբերի 1-ին ուսումնական գործընթացի մեկնարկի նախապատրաստության ուղղությամբ:

Պետական նախարարը շեշտադրել է առկա հիմնախնդիրների ու հնարավորությունների համակողմանի վերլուծության և բոլոր ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար: Գուրգեն Ներսիսյանն ընդգծել է, որ ներկա ծանր պայմաններում պետք է հնարավորինս ամեն ինչ անել՝ հարվածի տակ չդնելու երեխաների առողջությունը՝ միաժամանակ չանտեսելով կրթության իրավունքի ապահովման պետության պարտավորությունը:

Նախարարության ներկայացուցիչներից բացի, իրենց դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺ պատգամավորներ Արամ Գրիգորյանը և Էլեոնորա Ավանեսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Շահագրգիռ քննարկումից հետո պետական նախարարը մի շարք հանձնարարություններ է տվել լիազոր մարմնին առաջիկա օրերի անելիքների վերաբերյալ՝ միևնույն ժամանակ ընդգծելով իրավիճակի ամենօրյա մշտադիտարկման ու վերլուծության անհրաժեշտությունն՝ ըստ կարիքի համապատասխան որոշումների կայացման նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում