Արցախ

Հստակ որոշում կա Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու վերաբերյալ․ Դավիթ Իշխանյան

3 րոպեի ընթերցում

Հստակ որոշում կա Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու վերաբերյալ․ Դավիթ Իշխանյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտոնական Ստեփանակերտը հստակ դիրքորոշում ունի Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհը փակ պահելու, չօգտագործելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը՝ հավելելով , որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին տեղակայված է ռուս խաղաղապահների համապատասխան բլոկ-պոստը, ինչպես նաև ՆԳՆ պարեկային հսկողության համապատասխան կետը:

«Անշուշտ պետական մեր համապատասխան կառույցները տվել են իրենց համապատասխան ցուցումները»,-համոզմունք հայտնեց Իշխանյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը, Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով բեռնատարներ ուղարկելով հերթական սադրիչ քայլն է կատարել, փորձելով աշխարհին ցույց տալ,որ Արցախում հումանիտար ճգնաժամը ներքին խնդիր է:

«Մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք, որով թե հումանիտար բեռներ,թե ընդհանրապես Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ անխափան երթևեկությունը պետք է վերականգնվի և ապահովվի. սա ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով: Ինչ վերաբերում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման ադրբեջանական կողմի թեզին, ապա դա նորույթ չէ․ այն նվազագույնը երեք շաբաթվա պատմություն ունի, երբ ադրբեջանական կողմն արևմտյան ու ռուսական գործընկերների միջոցով փորձել է այդ առաջարկը ներկայացնելով հանդերձ՝ նաև իրականություն դարձնել: Երեկվա քայլն ադրբեջանական կողմից մեզ համար անընդունելի է»,-մանրամասնեց Արցախի ԱԺ նախագահը։

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը Կարմիր մահիկի միջոցով փորձում է դուրս մղել Ստեփանակերտից Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը: «Միջազգային այդ կառույցի ներկայությունը մեզ համար առավելություն և հնարավորություն է: Մոտ 30 տարի է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը Ստեփանակերտում գործում է որպես առանձին միավոր՝ ուղիղ ենթակայությամբ Ժնևին: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո մինչ այսօր բոլոր ջանքերն ուղղել է ԿԽՄԿ-ի գրասենյակը Ստեփանակերտից, Արցախի Հանրապետությունից դուրս բերելուն»,-հավելեց Իշխանյանը։

Վան Նովիկով

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում