Արցախ

Դավիթ Իշխանյանը մանրամասնել է իր՝ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուն նախորդած գործընթացները

2 րոպեի ընթերցում

Դավիթ Իշխանյանը մանրամասնել է իր՝ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուն նախորդած գործընթացները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը մանրամասնել է, թե ինչպես է ստացվել, որ ինքը, լինելով փոքրամասնություն կազմող խմբակցության ներկայացուցիչ, ընտրվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իշխանյանն ընդգծել է, որ դասական իրավիճակում հասկանալի և տրամաբանական կլիներ, որպեսզի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն ունենար խորհրդարանի նախագահի իր թեկնածուն, սակայն այժմ իրավիճակն այդպիսին չէ:

«Առաջին հայացքից կարծես թե անտրամաբանական է հնչում երեք հոգանոց խմբակցության անդամը լինի Ազգային ժողովի նախագահ «Եթե մենք լինեինք դասական իրավիճակում և դասական քաղաքական գործընթացներ տեղի ունենային, այդ պարագայում հասկանալի կլիներ և տրամաբանական էր, որ քաղաքական մեծամասնությունն ինքն ունենա խորհրդարանի նախագահ: Երբ Արցախի նախագահն ինձ հրավիրեց իր մոտ և առաջարկեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնել, բնականաբար, հարցը քննարկվեց այլ ուղղությամբ՝ քաղաքական մեծամասնությունը պետք է ունենա իր թեկնածուն և քաղաքական մեծամասնությունից պետք է լինի Ազգային ժողովի նախագահը, որպեսզի շահարկումներ չլինեն: Բավականին բարդ գործընթաց է տեղի ունեցել: Նախ հարցը կուսակցական քննարկումների նյութ է դարձել, այնուհետև քննարկվել է խորհրդարանում ներկայացած բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների և խմբակցությունների անդամների հետ՝ հաշվի առնելվ ներկա իրավիճակը։ Այդ ընթացակարգն անցնելուց հետո է միայն վերջնական համաձայնություն տրվել»,-մանրամասնեց Իշխանյանը՝ ընդգծելով, որ իր և ՀՅԴ կուսակցության կողմից համաձայնություն է տրվել՝ հաշվի առնելով առկա իրավիճակն ու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։

Դավիթ Իշխանյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվեց այն բանից հետո, երբ այդ պաշտոնից հուլիսի 29-ին հրաժարականի դիմում ներկայացրեց իշխող «Ազատ հայրենիք-ՔԴՄ» խմբակցության ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում