Արցախ

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բարդայում հնարավոր հանդիպման մասին լուրը՝ ռիսկային համարելով Ադրբեջանի տարածքում ցանկացած հանդիպում

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բարդայում հնարավոր հանդիպման մասին լուրը՝ ռիսկային համարելով Ադրբեջանի տարածքում ցանկացած հանդիպում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է BBC-ի ադրբեջանական ծառայության տարածած տեղեկատվությանը, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում։

Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է թեմայի վերաբերյալ լրատվամիջոցների հարցին։

«Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ արցախյան կողմը մշտապես հանդես է եկել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման դիրքերից։ Միաժամանակ, նման բանակցությունները պետք է ընթանան կողմերի միջև համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա երաշխավորել, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան։ Արցախյան կողմը բազմաթիվ անգամ միջնորդների միջոցով հանդես է եկել հանդիպումների մասին նախաձեռնություններով, ադրբեջանական կողմը սակայն մերժել է դրանք:

Հավելենք, որ ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հատկապես հաշվի առնելով ԿԽՄԿ մանդատի ներքո գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը, այն էլ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։

Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհին, ապա ԱՀ նախագահի մամուլի խոսնակն այսօր անդրադարձել է այդ թեմային»,- ասված է Արցախի ԱԳՆ-ի պատասխանում։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում