Արցախ

Ադրբեջանական քարոզչամեքենան անցակետում անչափահասին օգտագործել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով. Արցախի ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական քարոզչամեքենան անցակետում անչափահասին օգտագործել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական քարոզչամեքենան անցակետում տասնյակ զինված անձանց ներկայությունից վախվորած և հոգեբանորեն ընկճված 17-ամյա անչափահասին օգտագործել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով, որին, ցավոք սրտի, տրվել է նաև հայ հասարակության մի մասը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Փոխանակ մեզ հասանելի մեթոդներով հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին՝ պնդելով և ապացուցելով, որ ադրբեջանական լրատվամիջոցը 17-ամյա երեխայի հոգեկան անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության նկատմամբ ապօրինի միջամտությամբ նկարահանված տեսանյութն օգտագործում է աշխարհին հերթական կեղծիքը մատուցելու համար, մենք ենք տրվում այդ մանիպուլյացիային՝ վիրավորելով կամ անտեղի թիրախավորելով մեր հայրենակցին՝ մեր հարազատին։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ հունիսի 21-ին իրականացվել է ՀՀ բուհերում սովորող ուսանողներին Արցախից դեպի Հայաստան հերթական տեղափոխումը, որի ընթացքում Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանվել և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվել է մեր հայրենակցի՝ Էլեն Առստամյանի հարցազրույցը։

Կասկած չկա, որ այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ իրենց կեղծ պնդումները առաջ մղելու համար։

Հեռախոսազրույց եմ ունեցել Էլեն Առստամյանի հետ, տեղեկացել այդ պահին նրա հոգեբանական իրավիճակին և ապրումներին։ Անկասկած է, որ ադրբեջանական քարոզչամեքենան անցակետում տասնյակ զինված անձանց ներկայությունից վախվորած և հոգեբանորեն ընկճված 17-ամյա անչափահասին օգտագործել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով, որին, ցավոք սրտի, տրվել է նաև հայ հասարակության մի մասը։

Պահանջում եմ զերծ մնալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութը տարածելուց և անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները», - գրել է նա։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում