Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության ակտիվ քննարկումները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության ակտիվ քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 22-ին ընդունել է Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ արտաքին առեւտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների ակտիվ համագործակցությունն առանցքային գործիք է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար: Նա ամուր գործընկերության փաստ է համարել նաեւ Երեւանում ռեզիդենտ դեսպանություն բացելու՝ Բելգիայի կառավարության որոշումը:

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի եւ Բելգիայի միջեւ արդյունավետ եւ կառուցողական երկխոսության երկկողմ ու բազմակողմ բեւեռները՝ ընդգծելով հատկապես Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակը:

Հանդիպման առանցքում է եղել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած օրհասական իրավիճակը: Զրուցակիցները համակարծիք են եղել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման հարցում: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ բելգիացի գործընկերներից գործուն քայլեր է ակնկալում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցում: Նա կարեւորել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում միջազգային մեխանիզմների ներգրավման անհրաժեշտությունը եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության ակտիվ քննարկումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում