«Երևանյան բեսթսելեր». Ռուբեն Եսայանի վեպը՝ կրկին առաջատար. հայ գրականություն. հուլիս, 2023
9 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը, որը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է: Այն պատմում է Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկում սովորող մի խումբ ուսանողների մասին, որոնք ուսումնական տարվա ավարտին` քննություններից հետո, որոշում են գնալ քաղաքից դուրս, սակայն նրանց մտքով անգամ չի անցնում, թե ինչպիսի սարսափ է նրանց սպասվում այնտեղ․․․
Գոհար Նավասարդյանի «Երեք սեր» գիրքը երկրորդ տեղում է։ Գիրքը սիրո, հիասթափության, չվերջացող կարոտի, զղջման ու կնոջ ուժեղ տեսակի մասին է։ Վիպակի հերոսների մեջ յուրաքանչյուր ընթերցող կգտնի իրեն։ Գրքի նպատակն է սովորեցնել ընթերցողին առանց կոտրվելու ընդունել իրեն հանդիպած փորձություններն ու հաղթել կյանքին` անկախ ամեն ինչից։
Երրորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: Նրանում զետեղված փոքրիկ պատմությունները բարության զորեղ ուժի մասին են, այն մասին, թե ինչպես է մի աղջկա արած ֆեյսբուքյան գրառումը շատ արագ տարածում գտնում, մարդկանց հորդորում բարի գործեր անել և Երևանը դարձնում բարի գործերի քաղաք:
Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն չորրորդ տեղում է։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը․ հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ։
Հինգերորդ տեղում էԳոհարՆավասարդյանի«Ինձ պիոններ չնվիրես»վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...
Ակսել Բակունցի «Մթնաձոր, Ալպիական մանուշակ, Միրհավ» գործերն ամփոփող ժողովածուն վեցերորդն է։ Ակսել Բակունցը հայ գեղարվեստական արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է: Բակունցի ակնարկներում ու պատմվածքներում պատկերված են նրա հայրենի եզերքն ու մարդիկ: Նրա ստեղծագործությունների վրա… անհատական կնիք է դրված. այնքան թարմ են և ինքնուրույն…
Յոթերորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ»վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:
Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» ժողովածուն ութերորդ տեղում է: Համո Սահյանի 1986–1992 թթ. գրված բանաստեղծություններն ընդգրկող այս ժողովածուն կազմել է հեղինակը և տպագրության հանձնել 1990–ականների սկզբին: Սակայն տարբեր պատճառներով գիրքը լույս չի տեսել: Միայն 1998 թվականին` բանաստեղծի մահից հինգ տարի անց, ժողովածուն հրատարակվեց գրականագետ–սահյանագետ Շ. Դավթյանի ու Հ. Այվազյանի ջանքերով և խմբագրությամբ: Սահյանական բանաստեղծական աշխարհի բնութագրական նշանների ու մոտիվների կողքին ժողովածուում տեսանելի են նաև կյանքի մայրամուտն ապրող բանաստեղծի հրաժեշտը խորհրդանշող նուրբ հոգեբանական պատկերներ, տիրող քաղաքական իրականության սուր անդրադարձներ և ժամանակի հասարակական տրամադրությունների խոր ընդհանրացումներ:
Վախթանգ Անանյանի պատմվածքները իններորդ տեղում են։ Հեղինակն անմնացորդ սիրով պատկերում է հայրենի բնաշխարհը: Նա խոր պատկերացում է տալիս Հայաստանում երբևէ ապրած և ապրող կենդանիների մասին։ Անանյանական «մարդ-բնություն» թեմատիկայում արժևորվում և կողք կողքի հանդես են գալիս մարդն ու բնությունը: Գրողի՝ բնության կերպավորման առանձնահատկություններից է անթրոպոմորֆիզմը՝ բնության շնչավորումը, բուսական ու կենդանական աշխարհի «հոգեբանության» բացահայտումը: Սակայն բնությանն ու կենդանիներին «շնչավորելով, հոգի տալով»՝ Վ. Անանյանը ոչ միայն չի մոռանում, այլև կարևորում ու գնահատում է մարդուն որպես բնության ամենաբարձր և կատարյալ ստեղծագործություն, բնության անքակտելի ու անբաժանելի մասնիկ, ընդգծում մարդու և բնության սերտ կապը, ներդաշնակությունը, փոխադարձաբար միմյանց վրա ազդելու հավերժական ընթացքը:
Տասներորդ տեղում է Հովսեփ Վարդանյանի «Ագապի»-ն։ «Ագապի» վեպը մի անմեղ սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավորչական դավանանքին, իսկ նրա սիրած երիտասարդը՝ կաթոլիկ: Դավանանքների այդ անտագոնիզմում երիտասարդ աղջկա՝ Ագապիի և նրա սիրեցյալի՝ Հակոբի սիրո պատմությունը վերածվում է ողբերգության...«Ագապի» վեպը լույս է տեսել 1851 թ. Կ. Պոլսում՝ հայերեն տառերով, թուրքերեն լեզվով, և ուղիղ հարյուր տարի մնացել էր անհայտության մեջ:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 |
Ռուբեն Եսայան «Թունելից 13 կմ հեռավորության վրա» |
հեղ․հրատ | 261 | |
| 2 | Նոր |
Գոհար Նավասարդյան «Երեք սեր» |
հեղ․հրատ | 30 | |
| 3 | * | «Բարի գործերի քաղաքը» | Բուկինիստ | 28 | |
| 4 | -2 |
Գրիգոր Քեշիշյան «Շելա» |
Դավինչի | 22 | |
| 5 | * |
Գոհար Նավասարդյան «Ինձ պիոններ չնվիրես» |
հեղ․հրատ | 21 | |
| 6 | * |
Ակսել Բակունց «Մթնաձոր, Ալպիական մանուշակ, Միրհավ» |
Էդիթ Պրինտ | 16 | |
| 7 | -1 |
Աշոտ Աղաբաբյան «Թակարդ» |
Բուկինիստ | 15 | |
| 8 | * |
Համո Սահյան «Ինձ բացակա չդնեք» |
Զանգակ | 14 | |
| 9 | -2 | Վախթանգ Անանյան պատմվածքներ | Էդիթ Պրինտ | 14 | |
| 10 | * |
Հովսեփ Վարդանյան «Ագապի» |
Բուկինիստ |
14 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: