Արցախ

Ստեփանակերտում Հադրութի վերածննդի և Առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրվան նվիրված հուշ-երեկո է կազմակերպվել

3 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում Հադրութի վերածննդի և Առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրվան նվիրված հուշ-երեկո է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հադրութ քաղաքի վերածննդի և Առաջին պաշտպանական շրջանի կազմավորման օրվան նվիրված՝ Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում օգոստոսի 15-ին հուշ-երեկո է կազմակերպվել: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկաները նախ լռության րոպեով հարգել են Արցախյան գոյամարտում զոհված հերոսների հիշատակը:

Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը նշել է, որ 1992թ․ օգոստոսի 15-ին ադրբեջանցիները լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեցին Հադրութի ուղղությամբ՝ կիրառելով իրենց ունեցած ռազմական զինանոցի բոլոր միջոցները: Այդ ժամանակ հակառակորդը գրավել էր մարտավարական առումով կարևոր նշանակություն ունեցող բարձունքները։ Սակայն, հայ ազատամարտիկների հակահարվածը չուշացավ, ինչի արդյունքում թշնամին ջախջախիչ պարտության մատնվեց և հետ շպրտվեց Հադրութի մատույցներից։

a5.jpg (162 KB)

«Արդեն 3-րդ տարին է՝ քաղաքի վերածննդի և 1-ին ՊՇ կազմավորման օրը նշվում է Հադրութից հեռու։Մենք շարունակելու ենք նշել այս պատմական օրը՝ հանուն մեր քաջորդիների, հանուն մեր հաղթանակների, շարունակելու ենք նշել՝ մատաղ սերնդին ներկայացնելով, որ միասնական հայի դեմ պայքարելն անհնար է։ Ինչպես 90-ականներին, այնպես էլ 44-օրյա մարտական գործողությունների ժամանակ 1-ին Պաշտպանական շրջանի մարտիկները կատարել են առավելագույնը՝ մի քանի անգամ տեխնիկապես և քանակական առումով գերազանցող թշնամուն կանգնեցնելու համար, անգամ շրջափակման մեջ նրանք շարունակեցին պաշտպանել իրենց վերապահված մարտական դիրքերը»,- ասաց Հադրութի քաղաքապետը՝ հավելելով, որ Արցախի շրջափակման հետևանքով տեղահանված հադրութցիները հայտնվել են ծանր վիճակում:

«Մենք՝ հադրութցիներս, կորցնելով ամեն ինչ, շարունակում ենք ապրել մեր Հայրենիքում և սա պայմանավորված չէ Արցախից դուրս բնակվելու անկարողությամբ կամ դժվարությամբ, այլ պայմանավորված է մեր հայրենասիրությամբ, հավատքով, նվիրվածությամբ հարազատ հողին և մշակույթին»,- ընդգծեց Սավադյանը՝ նշելով, որ այսօր Հադրութ վերադառնալը երազանք է, որին հասնելու համար պետք է ազգովի պայքարել՝ որդեգրելով 90-ականների միասնությունը և վճռականությունը։

Հուշ-երեկոյի ընթացքում ազգագրական պարերով ու ռազմահայրենասիրական երգերով են ներկայացել Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական և մշակութային կրթօջախների սաները: Տեղի է ունեցել նաև ձեռքի աշխատանքների ու գեղանկարների ցուցահանդես, որոնք ներկայացնում էին դրվագներ Հադրութի շրջանի բնակավայրերից, բնապատկերներ և արցախյան խորհրդանիշներ:

a1.jpg (329 KB)

a2.jpg (290 KB)

a3.jpg (223 KB)

a4.jpg (321 KB)

a6.jpg (281 KB)

a7.jpg (268 KB)

a10.jpg (321 KB)

a8.jpg (248 KB)

a9.jpg (272 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում