Արցախ

Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը. Արցախի ԱԳՆ

3 րոպեի ընթերցում

Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը. Արցախի ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով առաջացած վատթարացող հումանիտար իրավիճակի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ օգոստոսի 16-ին կայանալիք նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը, հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի ԱԳՆ-ն «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրված հայտարարությամբ նշել է. «Օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ կգումարի՝ քննարկելու Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով առաջացած վատթարացող հումանիտար իրավիճակը:

Այս նիստի արդյունքները կդառնան միջազգային դերակատարների արդյունավետության ցուցիչը»:

Հայաստանն օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով։ Ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակն ու շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված նամակում նշել է, որ ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի միջամտությունը՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի։ Մարգարյանն ընդգծել է՝ 2023-ի հունիսի 15-ից առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի ծայրահեղ պակասը սրվել է, երբ Ադրբեջանը լիովին փակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ արգելելով որևէ, նույնիսկ մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ, իսկ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման կանխամտածված շարունակական խափանումները ծայրահեղ վնաս են պատճառել ժողովրդի կենսագործունեությանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում