Հասարակական

Հայաստանի տարածքային կառավարման նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային կառավարման նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Երկուստեք կարևորվել է հայ-իրանական ջերմ, բարեկամական հարաբերությունները և այն խորացնելու անհրաժեշտությունը։

«Ուրախալի է փաստել, որ մեր հարաբերությունները լավ տեմպերով զարգանում են, բայց առկա է մեծ ներուժ այլ ուղղություններով ևս հարաբերությունները զարգացնելու, խորացնելու համար»,-ասել է նախարարը՝ ընդգծելով հատկապես էներգետիկ ոլորտում առկա համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Նախարարը կարևորել է ծրագրերը սահմանված ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը։

Ընդգծել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը։ Դեսպանը հավաստիացրել է՝ հետամուտ կլինի, որպեսզի Հայաստանում իրականացվող ծրագրերով աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտվեն։

Երկուստեք կարևորվել է իրանական շինարարական ընկերությունների ներգրավվածությունը հայաստանյան շինարարական գործընթացներին։ Քննարկվել են նաև ճանապարհաշինարարության, հանքարդյունաբերության ոլորտներին վրաբերող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում