Արցախ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

2 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Դավիթ Իշխանյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր Հայրապետական օրհնանքն ու շնորհավորանքներն է ուղարկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Ազգային ժողովից, շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Կարևոր այս պաշտոնը Դուք ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով արցախահայությունը շուրջ ութ ամիս գտնվում է փաստացի շրջափակման մեջ:

Օրավուր սաստկացող գոյաբանական վտանգների առջև աղոթաբար մաղթում ենք Ձեզ ուժ, կարողություն և տոկունություն՝ հնարավոր բոլոր միջոցները, ներուժն ու ջանքերը գործադրելու հանուն Արցախի ժողովրդի ապահով, ազատ ու անկախ կյանքի:

Թող Ամենակարող Տերը Իր օրհնության ներքո անխռով խաղաղության մեջ պահի ու պահպանի Արցախ մեր երկիրն ու մեր ժողովրդին՝ պարգևելով Ձեզ քաջառողջություն և գործոց հաջողություններ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում