Արցախ

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ 11 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ 11 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից 11 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ 11-օրյա լիակատար արգելափակումից հետո։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ Հայաստան տեղափոխված 11 բուժառուներից 9-ը ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով Արցախում չեն կարողացել ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնած են մահվան վտանգի առջև, իսկ մյուս 2 բուժառուները քաղցկեղի պատճառով գտնվում են ծանր վիճակում:

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով ուղեկցողների հետ միասին Արցախ վերադարձնել 9 բուժառուների, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում բուժում ստանալու համար ուղեգրվել են Հայաստան։

«Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ, իսկ բազմաթիվ բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին: «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 80 հիվանդ, 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարմիր Խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժառուների տեղափոխում չէր իրականացվել հուլիսի 29-ից, երբ Ադրբեջանը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ ՀՀ տեղափոխվող բուժառուներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին առևանգել էր և տեղափոխել Բաքու, այնուհետև նրան կեղծ մեղադրանքներ առաջադրելով, ձերբակալել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում