Հատուկ նախագծեր

Podcast-Հարց բժշկին. երեխային վիրտուալ աշխարհից հեռու պահելու համար պետք է նրա առօրյան դարձնել հետաքրքիր

3 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. երեխային վիրտուալ աշխարհից հեռու պահելու համար պետք է նրա  առօրյան դարձնել հետաքրքիր

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում ծնողների մոտ մեծ անհանգստություն կա, որ երեխաների մոտ շատ է նկատվում ուշադրության, կենտրոնացվածության խնդիրներ: Երեխաներ չեն կենտրոնանում հատկապես դաս սովորելիս:

Ինչո՞վ է դա պայմանավորված և ի՞նչ կարելի է անել, կան արդյո՞ք տան պայմաններում մեթոդներ, որոնք ծնողները կարող են կիրառել: Կա արդյո՞ք դեղորայքային բուժում, որքանո՞վ է դա ճիշտ և արդյո՞ք կախվածություն չեն առաջացնում և նման դեղերի դադարեցումը ի՞նչ հետևանք կարող է ունենալ. այս և մի շարք այլ կարևոր հարցերի մասին«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում մանրամասնում է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը:

Նա ընդգծեց, որ այսօր մարդկությունը թևակոխել է մի դարաշրջան, որտեղ և՛ երեխաների, և՛ մեծահասակների հոգեկան աշխարհի վրա «ռմբակոծություն» է սկսվել լրատվամիջոցների, տարբեր լուսային, գունային էֆեկտներով գովազդների և վիրտուալ աշխարհի կողմից: Եվ այս ամենի ազդեցության մեջ երեխաները հատկապես առավել զգայուն են:

«Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն և պետք է տարբերակեն՝ արդյո՞ք երեխան ունենում է միայն ազատ ժամանակ, որը ծախսում է տարբեր յութուբյան հոլովակներ դիտելու և այլնի վրա, թե՞ խաղեր է խաղում, որոնք ևս լինում են մի քանի տեսակի՝ կարող են երեխայի մոտ ձևավորել կեղծ ինքնագնահատականի բարձրացում, ագրեսիա և այլն:

GEV_0908.JPG (560 KB)

Կենտրոնացվածության դժվարությունը նաև առնչվում է, ցավոք սրտի, ուժեղ սթրեսային իրավիճակների հետ: Մենք գիտենք, որ օրինակ, պատերազմից հետո շատ զինվորներ ունեն կենտրոնացվածության խնդիր, նրանք չեն կարողանում նորից վերադառնալ իրենց նախկին աշխատանքին, ուսմանը և այլն»,- ասաց նա:

Մասնագետը նշեց, որ, եթե ծնողները դասերի ընթացքում, և առհասարակ, զգում են, որ երեխաների մոտ կա ցրվածություն, կենտրոնացվածության խանգարում, պետք է անպայման դիմեն հոգեբանի: Քանի որ միայն մասնագետը կարող է որոշել, թե երեխայի մոտ ինչ խնդիր է:

Հոգեբանը խորհուրդ տվեց ծնողներին, որ փորձեն լինել շատ ուշադիր, կարողանան երեխային հնարավորինս հեռու պահել խաղերից, ամբողջ օրը հեռախոսով զբաղվելուց և ամենակարևորը, պետք է կարողանան դրա փոխարեն երեխայի առօրյան դարձնել հետաքրքիր, որպեսզի նա և՛ ժամանակ, և՛ ցանկություն չունենա խաղեր խաղալու և անիմաստ հոլովակներ դիտելու:

Շատ այլ հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում