Podcast-Հարց բժշկին. Բարիատրիկ վիրահատություններից հետո հիվանդը արթնանում է նույն քաշով, նվազումը լինում է առաջիկա վեց ամիսներին
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին նիհարեցնող կամ բարիատրիկ վիրահատությունները բավականին պահանջված են դարձել։ Նման վիրահատությունների թվի ավելացումն ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, պայմանավորված է մի քանի կարևոր հանգամանքներից. աշխարհում ավելացել է ճարպակալման տոկոսը, որը կապված է նստակյաց ապրելակերպի և սննդային ռեժիմի հետ, իսկ այսօր արդեն տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս կատարել նման վիրահատություններ:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբույժ, ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Հակոբ Շմավոնյանն, անդրադառնալով նիհարեցնող կամ բարիատրիկ վիրահատություններին, նշեց, որ դրանք մարսողական տրակտի վրա կատարվող կազմափոխական վիրահատություններ են, որոնք բերում են ստամոքսի չափերի փոքրացման կամ մարսողական ուղու կարճեցման. վերջնական արդյունքը հիվանդի քաշի պակասեցումն է:
Մասնագետը նշեց, որ պարզելու համար, թե նիհարեցնող վիրահատության կարիք կա, թե ոչ, այն իրականացնում են բանաձև միջոցով: «Գոյություն ունի մարմնի զանգվածի ինդեքս (ՄԶԻ) կոչված բանաձևը, որը հաշվարկվում է հիվանդի քաշի և հասակի հարաբերակցությամբ, նշեմ, որ ինդեքսի մինչև 25-ը համարվում է նորմալ, 25-ից մինչև 30-ը՝ հավելյալ քաշ, իսկ 30 և բարձր համարվում է ճարպակալում»,- ասաց նա:
Անդրադառնալով նման վիրահատությունների ռիսկերին, մասնագետը նշեց, որ ցանկացած վիրահատություն պարունակում է ռիսկեր, բայց, ըստ նրա, վիրահատությունների ռիսկերը կառավարելի են:
«Եթե բարիատրիկ վիրահատությունների դեպքում հիվանդը հետազոտվում է ճիշտ սխեմայով, այն իրականացվում է որակյալ գործիքներով, ճիշտ է գնահատվում հիվանդի ուղեկցվող հիվանդությունների առկայությունը կամ բացակայությունը և ապահովվում է որակյալ անեսթեզիա (անզգայացում), ապա բարդությունների հավանականությունը հասցվում է մինիմալի»,- ասաց բժիշկ Շմավոնյանը:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք վիրահատությունից հետո մարդն արդեն արթնանում է նիհարա՞ծ, մասնագետը պատասխանեց, որ ճարպակալումը դա միայն կոսմետիկ խնդիր չէ, նման դեպքում կոսմետիկ խնդիրը երկրորդային է, ճարպակալումը խրոնիկ հիվանդություն է և կապված է այլ հիվանդությունների հետ:
«Բարիատրիկ վիրահատությունները պլաստիկ վիրահատություններ չեն. մենք մեր բուժառուներին բացատրում ենք, որ այն մարմնի կազմվածքը, արտաքին տեսքը շտկող վիրահատություն չէ և հիվանդը արթնանում է վիրահատությունից հետո այն նույն քաշով, որով ինքը գնացել է վիրահատության: Քաշի նվազումը լինում է առաջիկա վեց ամիսների ընթացքում, իսկ մարմնի կառուցվածքի շտկում չի իրականացվում, և եթե հետագայում ցանկանում են շտկել մարմնի կառուցվածքը, հեռացնել հավելյալ մաշկը, որը նիհարելուց հետո մնում է, այս դեպքում բուժառուներն արդեն կարող են դիմել պլաստիկ վիրաբուժներին»,- նշեց մասնագետը:
Ըստ նրա՝ բարիատրիկ վիրահատությունից հետո հատուկ սննդակարգը պարտադիր է միայն առաջիկա ամիսներին, քանի որ եթե օրգանիզմը հասել է ճարպակալման, ապա առկա է նյութափոխանակության խնդիրներ և առողջ սնունդը, առողջ ապրելակերպը, մարզասրահ հաճախելը խորհուրդ է տրվում բոլորին՝ անկախ նրանից հավելյալ քաշ կա, թե ոչ, կան խրոնիկ հիվանդություններ, թե ոչ:
«Առողջ ապրելակերպ վարելը խորհուրդ է տրվում առհասարակ բոլորին, իսկ նման վիրահատություններից հետո առհասարակ մենք բուժառուներին խորհուրդ ենք տալիս պահել ոչ թե խիստ դիետաներ, այլ առողջ սննդակարգ, առաջնայինը պակասեցնելով շաքարի քանակը, որը ես խորհուրդ եմ տալիս բոլորին՝ անկախ նրանից հավելյալ քաշ կա, թե ոչ»,-ընդգծեց բժիշկը:
Բարիատրիկ վիրահատության ի՞նչ տեսակներ կան և ո՞ր տեսակներն են հիմնականում մեր երկրում իրականացվում: Ինչպե՞ս են պատրաստվում այս վիրահատությանը, օրինակ՝ ինչ ստուգումներ են անցնում, հետվիրահատական ընթացքում ինչ բարդություններ կարող են լինել, քանի օր է տևում ամբողջ ընթացքը: Ի՞նչ առավելություններ ունի այս վիրահատությունը, արդյոք հավանականություն կա՞, որ վիրահատությունից հետո մարդը ժամանակի ընթացքում նորից հասնի իր նախկին քաշին։ Ի՞նչ արժե այս վիրահատությունը մեր երկրում և ինչով է պայմանավորված գնային սանդղակը։
ԳայանեԳաբոյան
Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները