Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր»․ «Շարլոթի սարդոստայնը»՝ առաջատար. մանկական. հունիս, 2023

6 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր»․ «Շարլոթի սարդոստայնը»՝ առաջատար. մանկական. հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է ամերիկացի ճանաչված գրող Էլվին Բրուքս Ուայթի «Շարլոթի սարդոստայնը»։ Վիպակը ամերիկյան մանկական գրականության ամենասիրված ու հանրաճանաչ ստեղծագործություններից է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվականին։ Գիրքը պատմում է Զաքերմանների ընտանիքին պատկանող անասնագոմում կողք կողքի ապրող կենդանիների մասին։ Գրքի հասցեատերը և՛ մանուկներն են, և՛ ավագ ընթերցողները։

Երկրորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում:

Երրորդ հորիզոնականում է Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները»գիրքը: Ռոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն չի խանգարում հեղինակին անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:

Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» չորրորդ տեղում է։ Մարկ Տվենը այս վեպում ներկայացնում է իր մի շարք վեպերի հերոս Թոմ Սոյերի մի քանի ամսվա արկածները, որի ընթացքում Թոմն ականատես է դառնում սպանության եւ բացահայտում է այն, սիրահարվում է դասընկերուհուն, փախչում տնից, ապրում ամայի կղզում, մասնակցում սեփական հուղարկավորությանը, մոլորվում քարայրում եւ այնտեղից դուրս գալիս հարստացած: Վեպն ընթերցելիս պատանիներն իրենց շատ գծերով կնմանեցնեն Թոմ Սոյերին և անչափ կսիրեն նրան:

Չարլզ Դիքենսի «Օլիվեր Թվիստի արկածները» հինգերորդ տեղում է։ Չարլզ Դիքենսի այս վեպն առաջինն է անգլիական գրականության մեջ, որի գլխավոր հերոսը երեխա է: Հրատարակվելով 170 տարի առաջ՝ այն այսօր էլ շարունակում է արդիական մնալ, քանի որ այժմ էլ մանկատներում բազմաթիվ երեխաներ կան, որոնք ամեն օր հանդիպում են անբարեհամբույր վերաբերմունքի ու արհամարհանքի: Նրանք, հանդիպելով սոցիալական անարդարությունների, դեռ մանուկ հասակից ստիպված են լինում մաքառել արժանապատիվ ապրելու իրավունքի համար: Օլիվեր Թվիստը մեկն է այդ երեխաներից, որը բազմաթիվ փորձություններ հաղթահարելով՝ հասնում է երջանիկ հանգրվանի:

Վեցերորդ տեղում է «Գայլն ու յոթ ուլիկները» գիրքը: Գրիմ եղբայրների այս հեքիաթը, հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:

Յոթերորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:

Ութերորդ հորիզոնականում«Երեքխոզուկները»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Իններորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Տասներորդ հորիզոնականում է Կառլո Կոլլոդի«Պինոկիո»-ն: Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը:Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Էլվին Բրուքս Ուայթ

«Շարլոթի սարդոստայնը»

Զանգակ 209
2 *

Ռոալդ Դալ

«Չարլին և շոկոլադի գործարանը»

Անտարես 145
3 *

Ջաննի Ռոդարի

«Չիպոլինոյի արկածները»

Զանգակ 140
4 *

Մարկ Տվեն

«Թոմ Սոյերի արկածները»

Անտարես 117
5 *

Չարլզ Դիքենս

«Օլիվեր Թվիստի արկածները»

Անտարես 116
6 -3

«Գայլն ու յոթ ուլիկները»

Բուկինիստ 78
7 * «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» Դավինչի 77
8 -6 «Երեք խոզուկները» Բուկինիստ 75
9 -4 «Շունն ու կատուն» Բուկինիստ 75
10 *

Կառլո Կոլլոդի

«Պինոկիո»

Բուկինիստ 60

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում