Քաղաքականություն

Ադրբեջանը հնարավորություն ունի ԼՂ-ի հետ բանակցություններ սկսել, «Թվիթեր»-ում չեն բանակցում. Մարուքյանն արձագանքել է Հաջիևին

4 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հնարավորություն ունի ԼՂ-ի հետ բանակցություններ սկսել, «Թվիթեր»-ում չեն բանակցում. Մարուքյանն արձագանքել է Հաջիևին

ԿՈՌՆԻՁՈՐ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի թվիթերյան գրառմանը, թե «միջազգային հանրությունը Ղարաբաղի հայությանը պետք է ուղերձ հղի Ադրբեջանին վերաինտեգրվելու կապակցությամբ, այլ ճանապարհ չկա, խաղն ավարտված է»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ առաջին հերթին դա դիվանագետի հայտարարություն չէ․ «Եթե 100 հազարավոր մարդու կյանքը խաղի հարց է Ադրբեջանի համար, դա թողնում եմ միջազգային հանրության խղճին, թող նրանք դիտարկեն»,-ասաց նա:

Անդրադառնալով ինտեգրման վերաբերյալ Հաջիևի հայտարարությանը՝ Մարուքյանն ասաց. «Ադրբեջանը հնարավորություն ունի Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ սկսել ու բանակցել դրա շուրջ: Թող բանակցեն: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները կորոշեն, թե իրենք ինչ են ուզում: Միջազգային մեխանիզմի ներքո իրավունքների և անվտանգության երաշխիքի հարցը պետք է Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան բանակցությունների շրջանակում հասցեագրվի»:

Անդրադառնալով Հաջիևի գրառման մեջ տեղ գտած «խաղն ավարտված է» ձևակերպմանը՝ Մարուքյանն ասաց. «Գնացեք, բանակցեք: Թվիթերում չեն բանակցում»:

Ադրբեջանն ավելի վաղ հայտարարությամբ «սադրանք» էր որակել ԼՂ հումանիտար բեռներ ուղարկելու Հայաստանի նախաձեռնությունը: Մարուքյանը շեշտեց՝ դա սադրանք չէ, սովամահությունից մարդկանց փրկելու փորձ է: «Այսինքն՝ ըստ իրենց մարդկանց շրջափակման մեջ պահելը սադրա՞նք չէ, մարդկանց գազը, էլեկտրաէներգիան անջատելը, արտաքին աշխարհի հետ կապը կտրելը սադրա՞նք չէ, բայց նրանց ձեթ, ալյուր, առաջնային դեղորայք, երեխայի կեր հասցնելը սադրա՞նք է:Սադրանքը մարդկանց ցեղասպանության վտանգի առաջ կանգնեցնելն է, սադրանքն էթնիկ զտումն է, սադրանքը սովի մատնված հազարավոր մարդկանց ասելն է, թե «ձեր խաղն ավարտված է»,-ընդգծեց Հատուկ հանձնարարություններով դեսպանը:

Նա նաև հավելեց, որ Հայաստանը հատուկ հայտարարել է, որ մարդասիրական բեռնատարները չեն պատրաստվում գնալ, Հակարիի կամրջին մոտենալ, պատրաստվում են հասնել ՀՀ պետական սահմանին մոտ տարածք և բեռը փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին, որ նրանք այն հասցնեն Լեռնային Ղարաբաղ:

«Սա միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարում է: Մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում է»,-ասաց Մարուքյանը:

Նա վստահեցրեց՝ որևէ քայլ չկա, որ հայկական կողմը չի արել, բոլոր քայլերն արվում են, սակայն հումանիտար ճգնաժամն օր օրի ավելի է խորանում:

Նա հույս հայտնեց, որ կհաջողվի այս բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին, որն էլ այն կտեղափոխի Լեռնային Ղարաբաղ:

Հայաստանից հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը հուլիսի 26-ին հասել էԼաչինի միջանցքի մուտքի հատված: Հայաստանը խնդրել է, որ ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված: Բեռնատարներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում մակարոնեղեն, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական կեր, դեղորայք:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում