Արցախ

ՀՀ և Արցախի փաստաբանական պալատները գործընկեր կառույցներին կոչ են անում աջակցել Արցախում հումանիտար աղետը կանխելու հարցում

2 րոպեի ընթերցում

ՀՀ և Արցախի փաստաբանական պալատները գործընկեր կառույցներին կոչ են անում աջակցել Արցախում հումանիտար աղետը կանխելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը հուլիսի 26-ին անցկացրել են համատեղ նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից, խորհրդակցական ձայնի իրավունքով նիստին մասնակցել են նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորը, ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը և Արցախի Հանրապետության հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը:

Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում քննարկվել է բացառապես Արցախի Հանրապետությունում ստեղծված օրհասական իրավիճակը:

Մասնակիցներն արձանագրել են, որ Արցախի Հանրապետությունը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով կտրվել է Արցախի կապն արտաքին աշխարհի հետ:

«Փաստերի համադրման արդյունքում և միջազգային իրավական կարգավորումների լույսի ներքո Հայաստանի Հանրապետության Արցախի Հանրապետության փաստաբանների պալատների խորհուրդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես կոչ են անում․

  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին,
  • Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին,
  • Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և ներպետական կառույցներին,
  • Ռուսաստանի Դաշնության փաստաբանների դաշնային պալատին (որպես եռակողմ համաձայնագրի մասնակից պետության գործընկեր կառույց),
  • այլ պետությունների գործընկեր փաստաբանների պալատներին և միություններին՝ ցուցաբերել գործուն աջակցություն Արցախի ժողովրդի շրջափակումը վերացնելու և հումանիտար աղետը կանխելու հարցում, այդ թվում՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փաստաբանական կառույցների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը կհրապարակվի առաջիկայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում