Լեռնային Ղարաբաղում մանկահասակ երեխաների մահը ադրբեջանական շրջափակման հետևանք է․ Արարատ Միրզոյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության լիակատար պաշարումը անդառնալի և կործանարար ազդեցություն են ունենում բնակչության կյանքի վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան մահացել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով: 21-րդ դարում սա չպետք է հանդուրժել»,- գրել է Միրզոյանը։
7-month blockade of #LachineCorridor & total siege of #NagornoKarabakh ppl is having irreversible & devastating impact on lives of ppl: NK resident children 3 y/o Leo &6 y/o Gita died as consequence of serious humanitarian situation. In 21st century. This should not be tolerated. pic.twitter.com/BOOMfEAJsY
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) July 13, 2023
Հուլիսի 7-ին Աղաբեկալանջ գյուղի բնակչուհին ոստիկանություն է դիմել, որ իր երկու անչափահաս երեխաներին թողել է տանը` առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։
Ոստիկանության և փրկարար ծառայողների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում՝ հուլիսի 8-ին երեխաները հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքում, ավտոմեքենայի մեջ՝ մահացած վիճակում: Կատարված քննության շրջանակներում, ստուգվել են բոլոր տեսախցիկները, որոնք ֆիքսել են, որ անչափահաս երեխաները ինքնուրույն մտել են Մարտակերտ քաղաք, այնուհետև բացել նշված մեքենայի հետևի դուռը, քնել նստարանին։Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։
Ավելի ուշ, «Ազատության» հետ զրույցում մահացած երեխաների մայրը պատմել է, որ տանն առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ չի եղել, ինքն էլ գնացել էր Մարտակերտ օգնության հետևից և երեխաներին թողել էր տանը։ Քանի որ Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում վառելիքի խնդիր կա, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցները չեն շահագործվում, կինը ստիպված է եղել Մարտակերտ հասնել ու տուն վերադառնալ ոտքով։