Արցախ

Ստեփանակերտում ակնկալում են միջազգային հանրության պատշաճ արձագանքը Բաքվի ագրեսիվ քայլերին

2 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում ակնկալում են միջազգային հանրության պատշաճ արձագանքը Բաքվի ագրեսիվ քայլերին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը, անընդհատ նվազեցնելով Լաչինի միջանցքի նշանակությունը, միջանցքի ողջ իրավական բովանդակությունը, ի վերջո, բերել է նրան, որ նախ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից այն ընդամենը վերածվել էր հումանիտար բեռնափոխադրումներ կատարելու համար նախատեսված ճանապարհի, իսկ հունիսի 15-ից առհասարակ դադարեցրել է նաև այդ հնարավորությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 6-ին նշեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ Ստեփանակերտ-Երևան հեռուստակամրջի ընթացքում: «Պետք է մի կարևոր արձանագրում անել, որ Արցախը Հայաստանին կապող երաշխավորված ճանապարհը և դրանով հումանիտար բեռնափոխադրումը իրարամերժ բառակապակցություններ են, որովհետև այն ոչ թե հումանիտար բեռնափոխադրումների համար է, այլ Արցախը Հայաստանի Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կապող երաշխավորված ճանապարհ է, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել երեք պետությունների ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին»,-ընդգծեց Արցախի պետնախարարը:

Նա փաստեց, որ եթե նախկինում Ադրբեջանը հայտարարում էր, թե ճանապարհը փակ է ՌԴ խաղաղապահների կողմից, ապա այսօր հրապարակայնորեն հայտարարում է, որ դա հենց ադրբեջանական գործողությունների հետևանքով է, և այն չի կարող ծառայել նույնիսկ հումանիտար բեռնափոխադրումների համար: « Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանն իր ցանկացած քայլով միջազգային հանրության արձագանքը ստուգելով՝ խորացնում է Արցախի ժողովրդի իրավունքների խախտումները և արդեն ստեղծված ճգնաժամն Արցախում: Որքան միջազգային հանրությունն այս քայլերի հաջորդականությանը անհրաժեշտ և պատշաճ արձագանքը չի տալիս, այնքան դրանք շարունակաբար խորանալու են, և Արցախի ժողովրդի համար հավելյալ խնդիրներ ու ծանրաբեռնվածություն է ստեղծվելու»,-ասաց Գուրգեն Ներսիսյանը՝ կարևորելով գոնե այսուհետ Ադրբեջանի նման քայլերին կանխումը միջազգային հանրության կողմից:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում