Արցախ

Ամբողջական շրջափակման հետևանքներն աննկարագրելի ծանր են Արցախի համար․ պետնախարար

2 րոպեի ընթերցում

Ամբողջական շրջափակման հետևանքներն աննկարագրելի ծանր են Արցախի համար․ պետնախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախը հունիսի 15-ից հետո ամբողջությամբ ապրում է իր ներքին ռեսուրսներով, իսկ ինքնաբավության բավարար մակարդակ չունեցող երկրի համար, որն ապրում էր Հայաստանի հետ անխզելի կապի միջոցով, նման պայմաններն աննկարագրելի ծանր են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հուլիսի 6-ին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով ամբողջական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին:

«2022 թվականի նոյեմբեր դեկտեմբերի 12-ից սկսած մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Արցախ էր մտել չնչին քանակի սնունդ, որն ընդամենը բավարարել էր բնակչության նվազագույն կարիքները: Բնականաբար այդ ամենին զուգահեռ կրճատվել էին մեր ներքին ռեսուրսները: Ավելի քան 20 օր է՝ արցախցի երեխաները, տարեցները, հղի կանայք զրկված են անհրաժեշտ քանակի միրգ ու բանջարեղեն օգտագործելու հնարավորությունից, բացակայում են տարրական հիգիենայի պարագաները, մարդիկ զրկված են հիվանդին բուժհաստատություն տեղափոխելու հնարավորությունից: Առաջին անհրաժեշտության պարագաները մի կերպ փորձ է արվում հավասարաչափ բաշխել ու հասցնել բնակիչներին, իսկ շրջաններում ապրող մեր քաղաքացիներն ամբողջությամբ կտրված են մայրաքաղաքից ու Ստեփանակերտի բուժհաստատություններ դիմելու հնարավորությունից:

Գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կանգնած են լրջագույն խնդիրների առաջ: Հայաստանից էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումը դադարեցված լինելու պայմաններում մարդիկ ընդամենը մի քանի ժամ են ստանում էլեկտրաէներգիա»,-ներկայացրեց Արցախի պետնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենը ոչ թե մարդու իրավունքների խախտում, այլ ոչնչացում է:

«Ոչ ոք թող չմտածի, որ այս իրավիճակի հանդուրժումը բացասական հետևանք չի ունենալու հավաքական աշխարհի վրա»,-եզրափակեց Ներսիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում