Հասարակական

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 4-ին Եկատերինբուրգում ընթացող Կոռուպցիայի հակազդման միջպետական ​​խորհրդի 8-րդ նիստի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը շնորհավորել է Աննա Վարդապետյանին և ՀՀ դատախազական համակարգի բոլոր աշխատակիցներին Հայաստանում դատախազության կազմավորման 105-ամյակի կապակցությամբ: ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գլխավոր դատախազին Խորհրդի նիստին մասնակցելու և գործընկեր երկրների հետ կոռուպցիայի դեմ պայքարի հայկական փորձով կիսվելու համար:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը հանդիպման համար և անդրադարձ կատարել իրավական օգնության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաև այլ թեմաների, որոնք վերաբերել են Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների միջև ստորագրված 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումներին, կրթական ծրագրերով համագործակցությանն ու ընդհանուր մարտահրավերներին՝ ուղղված կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում