ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեև Վաշինգտոնյան վերջին բանակցությունները կայացել են բավականին կարևոր ժամանակաշրջանում, այդուհանդերձ տեղին չէ ասել, որ արձանագրվեցին շատ կտրուկ փոփոխություններ՝ կողմերին մոտեցնելով խաղաղության պայմանագրի կնքմանը, քանի որ ամենակարևոր և ամենախնդրահարույց կետերը, ինչպես նշեց նաև պետքարտուղար Բլինքենը, քննարկվելու են ապագայում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Նորայր Դունամալյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում կայացած հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլին։
Վաշինգտոնում հունիսի 29-30-ին կայացավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:ԱՄՆ-ի պետդեպը ավելի վաղ հայտարարել էր, որ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների պատրաստակամությունը շարունակելու քննարկումներն՝ուղղված երկու երկրների միջև տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը։
«Մի քանի ամիս անց հնարավոր են որոշակի շրջադարձեր, բայց ոչ թե հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանի շուրջ, այլ ուրիշ հանգամանքների շրջանակում, քանի որ բանակցություններին զուգընթաց կրակոցներ են հնչում ինչպես սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, հետևաբար փորձ է արվում ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ նրան պարտադրելով կոնկրետ պայմաններ»,- ասաց Դունամալյանը։
Նրա կարծիքով՝ երբ Միացյալ Նահանգները հանդես է գալիս նման նախաձեռնություններով, ինչպես օրինակ՝ Պաղեստին-Իսրայել կամ Սերբիա-Կոսովո բանակցությունների պարագայում, ապա միշտ ունի իր տեսլականը և հակամարտությունների հանգուցալուծումները տեսնում է իր պրիզմայի միջով, հենվում է կարգավորումների վերաբերյալ իր սկզբունքների վրա։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պարագայում ԱՄՆ-ն փորձում է ներկայացնել իր տեսլականը՝ հանդես գալով որպես միջնորդ և խաղաղարար, հետևաբար հետապնդում է իր շահերից բխող մի քանի նպատակ։
«Վաշինգտոնը մի կողմից բանակցային ձևաչափերի դաշտում մրցում է Ռուսաստանի հետ և փորձում է ստեղծել պայմաններ, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքվի ավելի շուտ։ Միջնորդական հարթակ ներկայացնելով՝ ԱՄՆ-ն փորձում է հակամարտությունը լուծել գլոբալ տարածաշրջանային հիմնախնդրի համատեքստում։ Վաշինգտոնն ունի որոշակի լծակներ՝ ազդելու Ադրբեջանի վրա, սակայն պետք է հիշել, որ Միացյալ Նահանգներ-Ադրբեջան հարաբերություններում առկա է նաև Թուրքիայի գործոնը, որը կարող է սահմանափակել ադրբեջանական կողմի վրա ճնշում գործադրելու՝ Սպիտակ տան հնարավորությունները։ ԱՄՆ-ի վարչակազմը կարող է նույնիսկ պատժամիջոցներ կիրառել, սակայն Ադրբեջանը վարում է բալանսավորված քաղաքականություն՝ դրանցից խուսափելու համար, այսինքն չի դառնում զոհ ՌԴ-ԱՄՆ հակամարտության մեջ, այլ դիտարկվում է որպես էներգակիրների կարևոր աղբյուր բովանդակ Արևմուտքի համար»,- նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե գալիք համապետական ընտրություններից առաջ Բայդենի վարչակազմը ցանկանու՞մ է արդյոք կարգավորել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը՝ դա ներկայացնելով որպես ձեռքբերում, Դունամալյանն ընդգծեց, որ այդ կոնֆլիկտն, անկախ ամեն ինչից, ԱՄՆ-ի համար չունի առաջնահերթություն։ Ընդհանուր քաղաքական խոսույթի տեսանկյունից՝ տվյալ հիմնախնդիրն այդքան կարևոր չէ, որքան ռուս-ուկրաինական զինված հակամարտությունը։
«Եթե անգամ ամերիկյան կողմի միջնորդությունը լինի արդյունավետ ու բերի խաղաղության, միևնույն է, դա չի դիտարկվի որպես ռեսուրս կամ բոնուս ապագա ընտրություններում։ Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումն ավելի շատ դիտարկվում է որպես մեծ խաղի մի մաս, որի նպատակներից են Ռուսաստանի հետ Հարավային Կովկասում մրցակցությունն ու մեր տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցության սահմանափակումը, որպեսզի վերջինս փոխի իր մոտեցումները որոշ հարցերում»,- եզրափակեց Դունամալյանը։
Մանվել Մարգարյան