Արցախի ՄԻՊ-ը կհրապարակի ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելն ապացուցող փաստեր ու փաստաթղթեր
1 րոպեի ընթերցում
![Արցախի ՄԻՊ-ը կհրապարակի ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելն ապացուցող փաստեր ու փաստաթղթեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/07/1114535.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ, որ հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով:
Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար:
Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը»,- ասված է ՄԻՊ-ի գրառման մեջ: