9 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ մայիսի վաճառքների։
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» առաջին տեղում է։ «Իկիգայ.երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Այս գրքի շնորհիվ դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:
Ա. Նալչաջյանի «Հայ ազգի ծագումը» երկրորդ տեղում է։ Հասկանալու համար՝ ով ես և դեպի ուր ես գնում, շատ կարևոր է հասկանալ, թե որտեղից ես գալիս. «Հայ ազգի ծագումը» աշխատությունը նվիրված է հայ ազգի հոգեբանական պատմության՝ նրա ծագման և որպես էթնիկական հանրույթ, և որպես ազգ ձևավորվելու մի շարք սկզբունքային խնդիրների ուսումնասիրությանը: Հատուկ ուշադրություն է նվիրվել հայերի էթնոգենեզի սկզբնական փուլին, Հայկական լեռնաշխարհի՝ որպես իր էթնոգենետիկ հայրենիքի նկատմամբ անժխտելի առաջնային իրավունքի խնդրին: Ուսումնասիրվում են նաև այլ էթնոսների հետ հայերի առնչությունները և հայոց ազգային բնավորության որոշ խնդիրներ: Հայերի ծագման, որպես ազգ ձևավորվելու մասին առաջադրվող տեսակետն ամբողջությամբ մերժում է հայերի եկվորության մասին մտացածին և էթնոքաղաքական տեսակետից վտանգավոր, միանգամայն անընդունելի հակագիտական վարկածը:
Երրորդ տեղում է Ռոբին Շարմայի «Հրովարտակ՝ ուղղված ամենօրյա հերոսին» գիրքը։ Համաշխարհային մակարդակի բանախոս, հանրահայտ ընկերությունների բիզնես-մարզիչ, համաշխարհային ճանաչում և փառք վայելող անհատների խորհրդատու, բազում մոտիվացիոն գրքերի հեղինակ Ռոբին Շարման ընթերցողի դատին է հանձնում իր հերթական բեսթսելերը՝ «Հրովարտակ՝ ուղղված ամենօրյա հերոսին» գիրքը: Գրքում հեղինակը խոսում է մարդկային տաղանդների, յուրաքանչյուր անհատի մեջ թաքնված հնարավորությունների, նրա հանճարեղության, առաքինության և հերոսության մասին: Հետևեք Ռոբին Շարմայի առաջադրած կանոններին, բանաձևերին, խորհուրդներին, առաջարկներին ու հորդորներին և կյանքում կկարողանաք դառնալ հաջողակ, երջանիկ, հարուստ ( և՛ հոգեպես, և՛ ֆինանսապես) ու ինքնաբավ անհատականություն...
Չորրորդ հորիզոնականում է Էկհարթ Թոլլի «Ներկայի ուժը»։ «Ներկայի ուժը» գիրքը իրավմամբ համարվում է պոպուլյար հոգեբանության, մոտիվացիայի և էզոթերիկայի ժանրերի ամենաառանցքային ստեղծագործություններից մեկը, իսկ հեղինակ Էկհարթ Թոլլը՝ ամենահեղինակավոր հոգևոր ուսուցիչներից մեկը:
Այս գիրքը կստիպի ձեզ մի պահ դադարեցնել մտքերում տիրող աղմուկը, երանելի լռություն հաստատել հոգում և գլխում ու վերջապես ապրել միակ իրական պահը՝ Ներկա պահը:
Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» հինգերորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:
Վեցերորդ տեղում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:
Ջոն Պ. Ստրելեքիի «Ինչպես լինել հարուստ ու երջանիկ» գիրքը յոթերորդն է։ «Ինչպես լինել հարուստ ու երջանիկ» գիրքն իսկական ուղեցույց է, որը ճանապարհ կբացի դեպի ձեր սեփական հարուստ ու երջանիկ կյանքը: Կմոտիվացնի ու կօգնի վերաիմաստավորել հարստության ու երջանկության վերաբերյալ ձեր համոզմունքները: Գիրքը լի է ոգեշնչող օրինակներով ու պատմություններով:
Ջոն Քեհոյի «Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար» գիրքըութերորդ տեղում է։ Հեղինակը, երեք տարի մեկուսանալով, կենտրոնացած մտածել է մարդու ուղեղի գործունեության մասին: Ուղեղի անսահման հնարավորությունների ակտիվացման Ջոն Քեհոյի մշակած և համակցած մեթոդները կարող են բարելավել մարդու կյանքը, այն լցնել երջանկությամբ ու հաջողությամբ:
Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը.մաս երկրորդ» գիրքնիններորդ տեղում է: Այս գիրքը հարգանքի տուրք է հանճարեղ վաճառականին՝ Վ. Քլեմենտ Սթոունին, ով սերը, կարեկցանքը և վաճառելու արվեստի յուրօրինակ գաղափարախոսությունն իրար է միախառնել՝ ստեղծելով հաջողության մի դինամիկ փիլիսոփայություն, որը տարեցտարի ոգևորում և ուղղորդում է հազարավոր մարդկանց՝ բացահայտելու էլ ավելի մեծ երջանկություն, լինելու առողջ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, վերագտնելու իրենց մտքի խաղաղությունը, լինելու ազդեցիկ և հարուստ:
Տասներորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +1 | Հեկտոր Գարսիա և Ֆրանսեսկ Միրալես «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» | Դավինչի | 85 | |
| 2 | Նոր | Ա․ Նալչաջյան «Հայ ազգի ծագումը» | Բուկինիստ | 60 | |
| 3 | Նոր | Ռոբին Շարմա «Հրովարտակ՝ ուղղված ամենօրյա հերոսին» | Բուկինիստ | 54 | |
| 4 | * | Էկհարթ Թոլլ «Ներկայի ուժը» | Դավինչի | 33 | |
| 5 | * | Ռոբին Շարմա «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» | Բուկինիստ | 33 | |
| 6 | -3 | Գարեգին Նժդեհ «Չխրատվող ժողովուրդը» | Վերնատուն | 31 | |
| 7 | Նոր | Ջոն Պ․ Ստրելեքի «Ինչպես լինել հարուստ ու երջանիկ» | Դավինչի | 29 | |
| 8 | * | Ջոն Քեհո «Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար» | Անտարես | 29 | |
| 9 | * | Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը․մաս երկրորդ» | Բուկինիստ | 28 | |
| 10 | +2 | Ռոբերտ Կիյոսակի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» | Անտարես | 27 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: