Արցախն առանց հայերի թողնելու քաղաքական մտադրությունն ի սկզբանե դատապարտված է ձախողման. Արցախի ԱԺ պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիակատար շրջափակումը, ուժի սպառնալիքի միջոցով Արցախն առանց հայերի թողնելու Բաքվի իշխանությունների հետևողական քաղաքականությունը և ժամանակ առ ժամանակ ուժի կիրառումն ապացուցում են Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու վերջնանպատակի գոյությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 28-ի նիստում մտքերի փոխանակության ժամանակ ասաց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով գիշերվա ընթացքում Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ իրականացված ադրբեջանական զինուժի ահաբեկչական գործողություններին, որի հետևանքով մարդկային կորուստներ են եղել:

«Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ կիրառելով ականանետեր և ԱԹՍ-ներ: Ամերիկյան միջնորդությամբ բանակցային գործընթացին և խաղաղությանը պատրաստվելու դիվանագիտական կորպուսի հռետորաբանությանը զուգահեռ՝ Ադրբեջանն Արցախում իրականացնում է ռազմական ագրեսիա, որն արվում է տարածաշրջանը լարված պահելու, Արցախյան հիմնահարցը հայաթափման միջոցով լուծելու հստակ նպատակով և քայլերի տրամաբանական հաջորդականությամբ: Ցավոք, այս քաղաքական օրակարգի դեմ հակամարտության լուծմամբ զբաղվող միջնորդ կողմերը ոչ մի առարկայական քայլեր չեն ձեռնարկում: Հայտարարություններից զատ չկա ոչ մի պատժամիջոց, առարկայական քաղաքական քայլ, որը կզսպի Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, այդ իսկ պատճառով Ադրբեջանը շարունակում է ամենաթողության մթնոլորտում իրականացնել իր դավադիր ծրագիրը»,-նշեց խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով՝ դրա հիմնական պատճառներից մեկն Ադրբեջանի էներգառեսուրսների մասով գոյություն ունեցող պայմանագրերն են, դրանցից կախվածությունն ու Ադրբեջանի կողմից այս գործոնի օգտագործման փորձերը:

«Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որում արցախահայության կենսական իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի զիջման հաշվին փորձ է արվում բավարարել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կեղծ խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Միջազգային դերակատարների դեպքում գուցե Արցախի ժողովրդի ճակատագիրը կարելի է երկրորդել Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածություններին, բայց այն, որ հարցի լուծում այդ ճանապարհով հնարավոր չէ ստանալ՝ նույնպես փաստ է»,-նշեց Արթուր Հարությունյանն՝ ընդգծելով, որ Արցախն առանց հայերի թողնելու քաղաքական մտադրությունն ի սկզբանե դատապարտված է ձախողման:

Նրա համոզմամբ՝ այդ կերպ ոչ միայն չի լինելու խաղաղություն, այլև տարածաշրջանը մուտք է գործելու նոր էսկալացիայի և բախումների շրջան՝ իր անկանխատեսելի հետևանքներով և արդյունքներով, որից կարող են տուժել նաև Արցախի ժողովրդի հաշվին զիջումների պատրաստ միջազգային դերակատարները:

Հայերեն

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս