Քաղաքականություն

Ինձ զեկուցվել է, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Ինձ զեկուցվել է, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ մինչև սեպտեմբերի 25-ը պատերազմի հավանականության գնահատումը եղել է 30 տոկոս, իրեն զեկուցել են, որ հավանականությունը հենց այդքան է, իսկ սեպտեմբերի 25-ին ԳՇ պետը զեկուցել է ռադիոկլանման միջոցով ստացված՝ F-16 կործանիչների օդաչուների խոսակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ազգային ժողովի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում:

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում հայտնել է, որ ՀՀ ԶՈՒ-ն մաս-մաս բերվել է առաջին աստիճանի պատրաստության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով 2020թ. սեպտեմբերի 25-ին ստացված՝ թուրքական F-16-ի օդաչուների խոսակցությունն առ այն, որ կիրակի ինչ-որ կարևոր բանի պետք է մասնակցեն: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե արդյոք դա զեկուցվե՞լ է վարչապետին:

«2018 թվականի մայիսից, երբ ես վարչապետ եմ ընտրվել և ստացել զեկուցագրերը, ԱԱԾ հետախուզությունն անընդհատ ահազանգել է պատերազմի հնարավորության մասին»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ տարբեր ժամկետներ էլ են նշվել:

Ըստ նրա՝ այդ տեղեկատվությունը միշտ եղել է, վերլուծաբաններն էլ են խոսել այդ մասին:

Անդրադառնալով սեպտեմբերի 25-ի տեղեկատվությանը՝ Փաշինյանն ասաց. «Այդ տեղեկությունը ինձ կոնկրետ զեկուցվել է, սակայն ես հիշում եմ, որ վաղվա մասին էր խոսքը: Բայց մինչև այդ պահը մեր ինստիտուտները ինչքա՞ն են հավանական համարել պատերազմը մինչև սեպտեմբերի 25-ը. 30 տոկոս է եղել հավանականության գնահատումը: Եվ այդ գնահատումը եղել է ոչ միայն հետախուզության, այլ նաև մի շարք այլ տվյալների, այդ թվում միջազգային գործընկերների հետ ունեցած շփումների հիման վրա: Ինձ ուրիշ բան էլ է զեկուցվել. որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է, և հավանականություն էլ է հնչել, որ սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ քաղաքական իշխանությունը գնա անհամաչափ զիջումների»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում