Հատուկ նախագծեր

Podcast-Հարց բժշկին. Մաշկի ճիշտ խնամքն ու պաշտպանությունը՝ հանգստի մեկնելիս

3 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. Մաշկի ճիշտ խնամքն ու պաշտպանությունը՝ հանգստի մեկնելիս

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճամփորդել սիրում են բոլորը, հատկապես ծովափնյա հանգստի սիրահարները մեկնելուց առաջ չպետք է մոռանան ջերմացնող ու սիրելի արևի, ծովի ջրի և մի շարք այլ գործոնների՝ մաշկի վրա ունեցող ազդեցության մասին: Շատերն ուշադրություն չեն դարձնում, բայց հանգստի մեկնելիս պետք է պատրաստվել, լուրջ ուշադրություն դարձնել և հետևել մաշկի խնամքին, քանի որ դա կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Հատկապես խնդիրներ ունեցող մարդիկ պետք է նախապես խորհրդակցեն իրենց մաշկաբանների հետ:

Ինչպե՞ս պաշտպանել մաշկը հանգստի ընթացքում, ինչպե՞ս խուսափել խնդիրներից. այս և շատ այլ կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդմանշրջանակում մանրամասնում է մաշկաբան Կարեն Վարդանյանը:

HM2_3158.JPG (531 KB)

Մասնագետը նշեց, որ իհարկե, գաղտնիք չէ, որ ամռանն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը մաշկի վրա ավելի բարձր է, բայց կան մաշկային որոշ խնդիրներ, որոնց պարագայում արևից պաշտպանությունը խորհուրդ է տրվում իրականացնել ամբողջ տարին:

«Մաշկաբաններս արևից պաշտպանվելու մասին ավելի հաճախ սկսում ենք խոսել մայիս ամսից, երբ ջերմաստիճանը բարձրանում է, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները մելանոմա հիվանդության` մաշկի չարորակ նորագոյացության առաջացման հիմնական պատճառներից են: Նշեմ, որ հանգստի մեկնելն առհասարակ մարդու համար կարևորագույն կետերից մեկն է, բայց ցանկացած կենսակերպի փոփոխություն պարունակում է որոշակի ռիսկեր: Եթե խոսում ենք ամառվա հանգստի մասին՝ մասնավորապես ծովափնյա, ապա առաջին տեղում ուլտրամանուշակագույն ճառագայթներն են. առավոտյան 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում արևի ճառագայթներն ունեն վնասակար ազդեցություն, իսկ մնացած ժամերին՝ հակառակը»,- նշեց Կարեն Վարդանյանը:

Մասնագետն ընդգծեց, որ գրագետ և ճիշտ ընտրված արևապաշտպան միջոցի օգտագործումը հանգստի մեկնելուց առաջ ամենակարևոր քայլերից մեկն է:

«Եթե հանգիստը ենթադրում է ջրի առկայություն, ապա ցանկալի է նախընտրությունը տալ ջրակայուն արևապաշտպան միջոցներին, երեխաների համար, բնականաբար, ընտրել մանկական արևապաշտպաններ»,-ասաց նա:

Անդրադառնալով արևապաշտպան միջոցների վրա նշված ցուցիչներին, մասնագետը նշեց, որ այն ցույց է տալիս, թե տվյալ արևապաշտպանը ինչքա՞ն ժամանակ է մեզ պաշտպանելու: Ըստ դրա էլ պետք է ճիշտ ժամանակին այն թարմացնել, որպեսզի հնարավոր լինի լիարժեք պաշտպանել մաշկը:

Երկար արևի տակ մնալն առհասարակ ի՞նչ ազդեցություն կարող է թողնել մաշկի վրա: Հնարավո՞ր է ստանալ արևայրուք՝ առանց մաշկը վնասելու: Մաշկային խնդիրներ ունեցող մարդիկ ինչպե՞ս պետք է պատրաստվեն հանգստի: Ինչպե՞ս ընտրել ճիշտ արևապաշտպան միջոցներ: Ակտիվ հանգստի սիրահարներն ինչպե՞ս պետք է խնամեն մաշկը:

Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

ԳայանեԳաբոյան

Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում