«Նոր գիրք»-24/23. Հոթորն, Ալեն, Գալստյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Նաթանիել Հոթորն, «Ալ տառը»

«Ալ տառը», որը գրվել է 1850 թվականին, Նաթանիել Հոթորնի ամենահայտնի ստեղծագործությունն է: Վեպի իրադարձությունները տեղի են ունենում 17-րդ դարում Բոստոնում և ներկայացնում են Հեսթեր Փրինի պատմությունը, որը դատապարտված է «Ա» տառը կրելուն՝ որպես հանրային պարսավանքի նշան: Այն պատմական սիրավեպ է և պուրիտանական կոշտ բարոյականության ուսումնասիրություն, որը գերիշխում էր Ամերիկայի վաղ գաղութային շրջանում: Թարգմանությունն անգլերենից՝ Աստղիկ Աթաբեկյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Մանկապատանեկան գրականություն. «Բոլորիս Ալենի հեքիաթները»

«Բոլորիս Ալենի հեքիաթները» գրքում զետեղված են կախարդական և ուսուցողական պատմություններ, որոնք Արցախի հերոս Ալեն Մարգարյանը գրել է մանուկ հասակում։ Գրկի՛ր գիրքը և բացահայտի՛ր հերոսների զարմանահրաշ աշխարհը, փորձի՛ր սիրել այն և դառնալ ԱԼԵՆԻ նման ՄԵԾ ԳՐՔԱՍԵՐ։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Փաստավավերագրական գրականություն. Նարե Գալստյան, Միհրան Գալստյան, «Լոսից եկող կա՞»

ՀՀ-ում նորից կապրի՞ առնվազն 3.5 միլիոն մարդ։ Բնակչության արտահոսքը՝ աշխատանքային, սոցիալական, կրթական այլ տիպի միգրացիան, որը հաճախ բնորոշվում է որպես արտագաղթ, անխուսափելի գործընթաց է։ Հանրապետության բնակչության բնական աճն էլ դանդաղում է տնտեսական ու քաղաքական ճգնաժամերի, պատերազմի պատճառով։ Լուծումը ներգաղթն է, լավագույն տարբերակը՝ հայրենադարձությունը։ Հնարավո՞ր է հայերի զանգվածային վերադարձ Հայաստան, ինչպես դա մի քանի անգամ եղավ 20-րդ դարում։

Սոցիոլոգներ Միհրան և Նարե Գալստյաններն ուսումնասիրել են վերջին տասնամյակների մի բարդագույն խնդիր և փորձել պատասխանել մի կարևոր հարցի՝ հայկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկի՝ Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) և դրա արվարձանների ամերիկահայերը մշտական բնակության համար կգա՞ն Հայաստան ու ի՞նչ պայմաններով։

Արվել է համապարփակ սոցիոլոգիտական հետազոտություն, գիտնականները զրուցել են հենց լոսանջելեսահայերի հետ, հարցումները շարունակել տարբեր երկրներից Հայաստան ներգաղթածների շրջանում, քննության առել հայրենադարձության բոլոր շերտերը՝ օրենսդրականից մինչև կառավարչական, և ներկայացրել իրենց եզրահանգումն ու գործնական առաջարկները։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում