ՄԱԿ-ի ՓՀԳ հանձնակատարը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հայ փախստականների իրավունքների պաշտպանության համար. Արցախի ՄԻՊ

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստափանյանը հայտարարությունը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ՝ նշելով, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հայ փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Հայտարարության մեջ ասվում է. «Փախստականների համաշխարհային օրն առիթ է նորից խոսելու փախստական և բռնի տեղահանված անձանց իրավունքների մասին։ Թեև տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով փախստականի և բռնի տեղահանվածի կարգավիճակում հայտնված հազարավոր հայերի իրավունքների մասին, սակայն բարձրացված հարցերը միջազգային հանրության կողմից այդպես էլ հասցեական ուշադրության չեն արժանացել։

Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Խորհրդային Ադրբեջանի մի շարք այլ բնակավայրերում տեղի ունեցած ջարդերի և տեղահանության, ինչպես նաև 1990-ականներին Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով ավելի քան 500,000 հայեր դարձել են փախստական, որոնք, ցավոք սրտի, իրենց կարգավիճակից բխող անհրաժեշտ ուշադրության և աջակցության չեն արժանացել մինչև այսօր։

2020 թվականի աշնանն ադրբեջանական ագրեսիան հանգեցրել է Արցախի շուրջ 40 000 քաղաքացիների բռնի տեղահանության, որի հետևանքով մարդիկ կորցրել են իրենց հայրենի տները, հողերը և ունեցվածքը։ Նրանց թվում են մարդիկ, որոնք արդեն երրորդ անգամ են տեղահանվել ադրբեջանական շարունակական ագրեսիայի պատճառով: Ապաստանելով հիմնականում Արցախի այլ բնակավայրերում և Հայաստանի Հանրապետությունում՝ նրանք պատերազմից ավելի քան երկուսուկես տարի անց էլ շարունակում են բախվել սոցիալ֊հոգեբանական բազմաթիվ խնդիրների թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում կենսագործունեության գրեթե ամեն քայլափոխի։

Այսօր ավելի քան 15000 բռնի տեղահանվածներ ապրում են Արցախում շրջափակման մեջ՝ պայքարելով ինչպես տեղահանության, այնպես էլ շրջափակման հետևանքների դեմ։ Արցախի շրջափակման արդյունքում նրանց համար նախատեսված շուրջ 3700 բնակարանների կառուցումը կասեցվել է՝ Արցախ ներկրված շինանյութի բացակայության պատճառով։ Մարդիկ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում, հյուրանոցներում և հանրակացարաններում։

Շրջափակման հետևանքով Արցախի պետական բյուջեի առջև ծառացած խնդիրների պատճառով Հայաստանում և Արցախում ժամանակավոր կացարանի կարիք ունեցող շուրջ 30 000 բռնի տեղահանված անձինք ժամանակին չեն ստանում բնակարանի վարձի ամսական փոխհատուցումը, ինչի հետևանքով նրանց սոցիալական վիճակն ու բնակարանային պայմանները զգալիորեն վատթարանում են։

Կենսական ենթակառուցվածքների մշտական խաթարման, թերսնման, առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների բացակայության, Ադրբեջանի գործողություններից բխող անվտանգության սպառնալիքների պայմաններում փախստականի և բռնի տեղահանված անձանց հոգեկան առողջությունն ավելի է վատանում՝ ի հավելումն նրանց արդեն իսկ գոյություն ունեցող հոգեբանական խնդիրների։

Սրանք ընդամենը խնդիրների մի մասն են։ Բռնի տեղահանված և փախստական անձանց իրավունքների և խնդիրների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի կողմից պատրաստվում է զեկույց, որը կհրապարակվի առաջիկայում՝ մանրամասն ներկայացնելով առկա բոլոր մարտահրավերները։

Միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի հայ փախստականների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար»։

Հայերեն Русский

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել