Արարատ Միրզոյանի տպավորությամբ` ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում որոշակի առաջընթաց կա
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձավ ապաշրջափակման հարցին և նշեց, որ իր տպավորությամբ հայ-ադրբեջանական վերջին բանակցություններում այս հարցում որոշակի առաջընթաց կա։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ Միրզոյանը ևս մեկ անգամ բարձրաձայնեց և վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ։
«Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են, օրինակ՝ այն երկրների ինքնիշխանության ներքո պետք է գործեն, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ պարբերաբար այս հարցերը քննարկվում են։ Իմ մասնավոր և սուբյեկտիվ տպավորությունը այն է, որ որոշակի առաջընթաց կա, հատկապես պարոն Գրիգորյանի վերջին հանդիպումների շրջանում, բայց վերջանական արդյունք դեռևս չունենք և առայժմ, ցավոք, չենք կարող այն հանրայնացնել»,- ասաց Միրզոյանը։